«Մեզ մոտ դպրոցական և համալսարանական կրթության մակարդակը եղել է շատ բարձր». Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները հասարակական, կրթական, քաղաքական և գիտական տարբեր շրջանակների հետ: Այսօր Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց Երևանի ֆիզմաթ դպրոցում, Այբ դպրոցում և «Հայաստան» համահայկական հիմնադրամում:

Ֆիզմաթ դպրոցում Արմեն Սարգսյանը եղավ մի շարք լսարաններում, շփվեց դպրոցի սաների հետ, խոստացավ մեկ ամիս հետո ևս այցելել և տեսնել նրանց աշխատանքի արդյունքները: Այնուհետև լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մտահոգիչ է այն հանգամանքը, որ դպրոցի սաների մեծ մասը նախընտրում են կրթությունը շարունակել արտերկրում:

«Սա 1980-ականների լավագույն դպրոցներից մեկն է, որը հիմնվել Երևանի պետական համալսարանի կողմից և միշտ համալսարանին փայլուն սերունդ է տվել: Դրա համար հրաշալի կլինի, եթե երեխաները դպրոցում ուսումն ավարտելուց հետո ցանկալի կլինի, որ երեխաները իրենց ուսումը շարունակեն Հայաստանի բուհերում, ոչ թե արտերկրում: Ես որևէ ձևով չեմ ցանկանում նսեմացնել աշխարհի լավագույն համալսարանները, սակայն իմ անձնական փորձը բերեմ՝ ես սկսել եմ Երևանի պետական համալսարանից, ես էլ եմ մասնակցել օլիմպիադաների, պաշտպանել եմ իմ առաջին դիսերտացիան, իսկ հետո, երբ մեկնել եմ արտասահման´ Գերմանիա, Բրիտանիա, ԱՄՆ կամ այլ երկրներ, միշտ հպարտությամբ եմ ասել, թե որտեղից եմ գալիս: Մեզ մոտ դպրոցական և համալսարանական կրթության մակարդակը եղել է շատ բարձր»,- նշեց Սարգսյանը:

Նա վստահ է, որ հարկավոր է ամեն ինչ անել Հայաստանում երեխաների համար կրթական լավագույն պայմաններն ապահովելու համար, որպեսզի նրանք դպրոցն ավարտելուց հետո ցանկություն ունենան հենց Հայաստանի բուհերում շարունակել կրթությունը: Արմեն Սարգսյանը նշեց, որ նախագահ ընտրվելու պարագայում փորձելու է իր ներդրումն ունենալ կրթության ոլորտը զարգացնելու գործում:

Այնուհետև Արմեն Սարգսյանն այցելեց «Այբ» դպրոց, որտեղ նույնպես շրջեց մի քանի լսարաններում, զրուցեց երեխաների հետ, ծանոթացավ դպրոցի ուսումնական ծրագրերին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամում Արմեն Սարգսյանը շփվեց բաժիններով, ծանոթացավ հիմնադրամի առօրյային: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նրան ներկայացրեց հիմնադրամի բազմամյա գործունեությունը նշելով, որ Արցախում և Հայաստանում իրականացվել է ավելի քան 50 հազար ծրագիր, այդ ամենի համար ներդրվել է ավելի քան 350 միլիոն դոլար:

Արմեն Սարգսյանի հետ առանձնազրույցում Արա Վարդանյանը քննարկել է Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու հարցերը: Արա Վարդանյանն անդրադարձել է նաև հիմնադրամի ընթացիկ ծրագրերին, ներկայացրել ամենամյա դրամահավաքի արդյունքում կատարվող աշխատանքները:

Տեսանյութեր

Լրահոս