«Մենք դեռ գոհ չենք այդ հայտարարություններից». Վահրամ Բաղդասարյանը` ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում խորը մտահոգություն է հայտնվում շփման գծում վերջերս տեղի ունեցած մարդկային զոհերի առնչությամբ և կողմերին կոչ արվում հավելյալ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարը պահպանելու համար, վերաբերում է ադրբեջանական կողմին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Վ.Բաղդասարյանը դժգոհություն հայտնեց, որ հայտարարությունը հստակ չէ. «Մենք բազմիցս նշել ենք, որ պետք է հստակ, անվանական նշեն՝ ով է սադրիչը»:

Նա նշեց, որ Ադրբեջանն է մինչ օրս մերժում տեղադրել հրադադարի խախտման մեխանիզմները:

«Մենք դեռ գոհ չենք այդ հայտարարություններից, բայց ակնհայտ է, որ դա ուղղված է Ադրբեջանին»,- հավելեց Վ.Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջանային այցի և Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքների հիման վրա։

Կարդացեք նաև

Հայտարարությունում համանախագահներն ընդգծում են 2017 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթաժողովի և նախորդ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունների բարեխղճորեն իրականացման կարևորությունը։

Նրանք խորը մտահոգություն են հայտնում շփման գծում վերջերս տեղի ունեցած մարդկային զոհերի առնչությամբ: Կողմերին կոչ են անում հավելյալ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարը պահպանելու համար, ինչպես որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ժնևում:

Համանախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը կողմերին՝ աջակցելու հանձնառությանը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու հարցում՝ հիմնված Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների վրա, որը ներառում է ուժի չկիրառումը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Տեսանյութեր

Լրահոս