Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազը հայց է ներկայացրել Weinstein Company կինոընկերության դեմ
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի դատախազները հայց են ներկայացրել Weinstein Company կինոընկերության դեմ, որը պատկանում է սկանդալային համբավ ունեցող պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին: Այդ մասին հայտնել է BBC News-ը:
Հայց է ուղարկվել նաեւ անձամբ Հարվի Վայնշտեյնի եւ նրա եղբոր՝ Ռոբերտի դեմ՝ որպես ստուդիայի հիմնադիրների: Դրանում պնդվում է, որ Հարվի Վայնշտեյնը երկար տարիների ընթացքում սեռական ոտնձգությունների է ենթարկել իր աշխատակցուհիներին եւ կոպիտ վերաբերվել նրանց հետ:
Ստուդիայի ղեկավարները մեղադրվում են այն բանում, որ չեն կարողացել կանխել նման բաները, չնայած նրան, որ նրանց ապացույցներ էին ներկայացվում: Նյու Յորքի նահանգի դատախազ Էրիկ Շնեյդերմանը պնդում է, որ աշխատակցուհիներն իրենց ու ամբողջ ընտանիքի սպանության սպառնալիքներ էին ստանում, նրանց հարկադրում էին սեռական ծառայություններ մատուցել աշխատանքում առաջխաղացման համար:
Իբր վարորդներից պահանջում էԷին ավտոմեքենաներում պահել պահպանակներ եւ սեռական ակտիվության բարձրացման միջոցներ: Իսկ ղեկավարների օգնականներն օրվա գրաֆիկում ժամանակ էին հատկացնում «սեքսով աշխատակիցների զբաղվելու» համար:
Ենթադրվում է, որ աշխատանքային պայմանագրերում կետ է եղել կոպիտ վերաբերմունքից գանգատվելու համար ֆինանսական պատժամիջոցների մասին: Հարվի Վայնշտեյնի փաստաբան բեն Բրաֆմանն ասել է, թե իր հաճախորդը մեղքերից զերծ չէ, բայց քրեորեն պատժելի արարքներ չի կատարել: Նրա խոսքով՝ Հարվի Վայնշտեյնն իր ընկերության ղեկավար պաշտոններում ավելի շատ կանանց է նշանակել, քան մյուս առաջատար կինոպրոդյուսերները:
Անցյալ տարվա վերջին բազմաթիվ դերասանուհիներ Հարվի Վայնշտեյնին մեղադրել են սեռական ոտնձգությունների եւ բռնաբարությունների մեջ, հեղորդել է «Ինտերֆաքս»-ը: