«Մենք շարունակելու ենք մեր դիրքորոշումն առաջ տանել». Արմեն Ռուստամյան
«Այս հարցով տարաձայնությունը գոյություն ուներ նաև մինչև կոալիցիա ձևավորելը: Այն կարգը, որն առաջարկվում էր՝ ռեյտինգայինի հետ կապված, դա շեղում է համամասնական ընտրակարգի դասական մոդելից: Եվ մենք այդ հարցը երբեք մեր օրակարգից չենք հանել: Մենք շարունակելու ենք մեր դիրքորոշումն առաջ տանել, չենք կարող չտեսնելու տալ այդ հանգամանքը: Այդ համակարգի գաղափարն այն է, որ մարդ կա, ավելի քիչ ձայնով կարող է մանդատ ստանալ, ինչն արդարացի ու ճիշտ չէ: Եթե անգամ նրանք չեն համաձայնում մեր մոտեցումներին, այդ հարցը երկար ու անընդհատ շրջանցել հնարավոր չէ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի շուրջ ՀՀԿ-ՀՅԴ հակասությանը:
Ըստ նրա` լայն դաշտ կա, որպեսզի ռեյտինգային ընտրակարգը վերացնելու բազմաթիվ լուծումներ առաջարկեն, և որպեսզի ընտրությունները լինեն համամասնական:
Ամեն դեպքում այս տարաձայնության պատճառով կոալիցիայից դուրս գալու մասին ՀՅԴ-ն չի մտածում: Ա.Ռուստամյանի խոսքով` այս տարաձայնությունն այնքան գերակա չէ, որ մյուս խնդիրներից կարևոր լինի. «ՀՅԴ-ն կոալիցիոն համաձայնագրով այլ հանձնառություններ էլ է ստանձնել, որոնք պարտավոր է իրականացնել, օրինակ` երկրում նոր որակի իշխանություն ձևավորելու առումով»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոշտ դիրքորոշում արտահայտեց. «ՀՅԴ-ն պնդում էր այդ տարբերակը, բայց այսօրվա վիճակով ռեյտինգային համակարգն արդարացված է: Եվ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի»:
Վ.Բաղդասարյանը նշեց, որ ամեն դեպքում քննարկում կկազմակերպեն, թեև այս պահին նպատակահարմար են գտնում ԸՕ-ից այդ կետը չհանել, որովհետև դա կարող է վտանգել: Նա նշեց, որ մեծամասնական համակարգն 90-ականներից աստիճանաբար կրճատելով՝ անցան համամասնականի. «Բայց եթե միանգամից հրաժարվենք դրանից, կարող է՝ մարզեր լինեն, որ ներկայացված չլինեն ԱԺ-ում»: