
Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց Գեղարքունիք գյուղի թիմը

Գեղարքունիքի մարզի վոլեյբոլի առաջնությանը մասնակցեց չորս թիմ, որոնք հաղթողի կոչումը վիճարկեցին շրջանաձեւ մրցակարգով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, Գավառի թիվ 3 միջնակարգ դպրոցում հաղթողի կոչումը եւ մրցանակային երկրորդ ու երրորդ տեղերը վիճարկեցին Սեւանի, Ակունքի, Գեղարքունիքի եւ Մարտունի քաղաքի վոլեյբոլի հավաքական թիմերը:
Մրցանակային առաջին տեղը գրավեց եւ Գեղարքունիքի մարզպետի գավաթին տիրացավ Գեղարքունիք գյուղի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ակունքի, երրորդ տեղը՝ Սեւանի թիմը, որոնք նույնպես պարգեւատրվեցին փոքր գավաթներով:Գավաթակիր թիմը, երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը պարգեւատրվեցին նաեւ պատվոգրերով եւ հավաստագրերով:
«Մրցաշարի տարածքային փուլին մասնակցեց 17 թիմ, որոնցից էլ եզրափակիչ դուրս եկան չորս թիմ: Թիմերի կազմերում հանդես էին գալիս 20 տարեկանից բարձր մարզիկներ, իսկ մրցաշարի անցկացման հիմնական խնդիրը վոլեյբոլի մասսայականացումն է մեր մարզի համայնքներում: Հուսով ենք, որ հերթական մրցաշարին ավելի շատ համայնքների թիմեր կբերեն իրենց մասնակցությունը»,- ասաց Գեղամ Չարվադարյանը:
Մրցաշարը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին:
Խոսրով Խլղաթյան