Օրենբուրգի մարզում միջոցներ կհատկացնեն Ան-148-ի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին
Ռուսաստանի Օրենբուրգի մարզի իշխանություններն Ան-148 ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվածների հարազատներին լրացուցիչ կվճարեն 1-ական միլիոն ռուբլի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Մերձվոլգյան Ֆեդերալ Օկրուգում ՌԴ-ի նախագահի լիազոր ներկայացուցիչ Միխայիլ Բաբիչը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ավելի վաղ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության ղեկավար Մաքսիմ Սոկոլովը հայտնել է, որ «ֆեդերալ օրենսդրությանը համապատասխան՝ բոլոր զոհվածների հարազատներին վճարվում է ապահովագրության հատուցում ավելի քան 2 միլիոն ռուբլու չափով»: Նա նշել է, որ նաեւ տարածաշրջանների գծով «լրացուցիչ անհրաժեշտ որոշումներ կընդունվեն այդ ուղղությամբ»:
«Օրենբուրգի մարզի նահանգապետի որոշմամբ յուրաքանչյուր զոհվածի համար, ի լրումն այն ապահովագրության, որը վճարվում է ֆեդերալ օրենսդրությանը համապատասխան, կվճարվի 1-ական միլիոն ռուբլի»,- ասել է լիազոր ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերել են նրա մամուլի ծառայությունում: