Իսրայելի կողմից Սիրիային հարված հասցնելուց հետո Հորդանանում անհայտ արկի մասնիկներ են հայտնաբերվել
Անհայտ ռազմական արկի մասնիկներն ընկել են Հորդանանի հյուսիս-արևմուտքում գտնվող Իրբիդ գավառում, երբ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Սիրիային: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոսին»:
Իսրայելի ռազմական ուժերը փետրվարի 10-ի վաղ առավոտյան հարձակում են գործել սիրիական ռազմական բազայի վրա՝ Սիրիայից Իսրայելի վրա բաց թողած անօդաչու թռչող սարքը խոցելուց հետո:
Սիրական հակաօդային պաշտպանությունը զանգվածային պատասխան է տվել հարձակմանը: Արդյունքում իսրայելական F-16 կործանիչը վայր է ընկել: Օդաչուներից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է իսրայելական հիվանդանոց:
Թել-Ավիվը հայտարարում է, որ չի ցանկանում սրել իրավիճակը, սակայն շեշտում է, որ միջադեպը «դեռ սպառված չէ», իսկ բանակը «վճռական է»:
«Համապատասխան մարմիններն այժմ աշխատում են ռազմական բնույթ ունեցող առարկայի հետ: Դրա աղբյուրը դեռ բացահայտված չէ»,- հաղորդում է Հորդանանի անվտանգության ծառայությունը: