«Նա իր համար նոր և հետաքրքիր բաներ է պարզել». Ի՞նչ են քննարկել Արմեն Սարգսյանը և Արցախի պաշտոնյաները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր եղել է Արցախի Հանրապետությունում: 168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահի և այլ պաշտոնյաների հետ:
«Շատ օգտակար հանդիպում է եղել: Հարցերի շատ լայն շրջանակ է բարձրացվել՝ և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական, և՛ Հայաստան-Սփյուռք կապերի: Շատ նորմալ քննարկում է տեղի ունեցել, կարծում եմ՝ ներհայկական նման կապերն ու քննարկումները պետք է լինեն կարևոր երևույթ, և Արցախը միշտ էլ ձգտում է այդպիսի քաղաքականություն վարել: Պարբերաբար այստեղ են այցելում տարբեր քաղաքական ուժերի, Սփյուռքի ներկայացուցիչներ: Սա բնական է և ճիշտ: Այս տեսանկյունից շատ կարևոր է եղել նաև Արմեն Սարգսյանի այցը և քննարկումները:
Նա քաջատեղյակ է շատ երևույթների, բայց նաև իր համար նոր և հետաքրքիր բաներ է պարզել, մեզ համար էլ մի շարք հետաքրքիր մոտեցումներ ներկայացրեց՝ տնտեսության զարգացման, Արցախը ճանաչելի դարձնելու, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, գիտության զարգացման վերաբերյալ»,- նշեց Դ. Բաբայանը:
Հարցին՝ ՀՀ նախագահ դառնալու դեպքում՝ ի՞նչ դերակատարում կարող է Ա. Սարգսյանն ունենալ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում, Դ. Բաբայանն այսպես պատասխանեց.
«Նա ասաց, որ, եթե ընտրվի նախագահ, աշխատելու է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման ուղղությամբ: Բայց մենք Արցախի արտաքին հարցերը չպետք է սահմանափակենք միայն այդ հակամարտությամբ, որովհետև սա մի մասն է: Իհարկե, Հայաստանի նախագահի նոր լիազորությունների պարագայում՝ նա կունենա նպաստավոր դիրքորոշում և ներդրում այս ամենի մեջ, բայց ոչ պակաս կարևոր է Արցախը ճանաչելի դարձնելը միջազգային հանրությանը, տարբեր կապեր հաստատելը տարբեր երկրների հետ, այստեղ է, որ մենք մի շարք հետաքրքիր մոտեցումներ և ծրագրեր լսեցինք, և միգուցե դա հնարավոր լինի կյանքի կոչել»: