«Ցանկացած համանախագահող երկիր սկզբից իր երկրի շահերն է դիտարկում». Թևան Պողոսյան

«Համանախագահները տարածաշրջանում են՝ իրենց ծրագրավորած հերթական այցով։ Եկել են, ծանոթանում են, մի քանի հերթական անակնալներ եղան, որոնք չէին կանխատեսում, վերջում հայտարարություն կանեն, որը նման կլինի նախորդ հայտարարություններին, թե կոչ են անում, որ կողմերը զուսպ մնան, պայմանավորվածությունները կյանքի կոչեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցին՝ նման կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։

Նա նկատեց, որ Ադրբեջանը հերթական անգամ ապացուցելու է, որ որևէ պարտավորություն էլ կյանքի չի կոչելու. «ՄԽ համանախագահներն էլ շատ լավ հասկանում են, որ այս ժամանակահատվածում, երբ տեղի են ունենում տրանսֆորմացիաներ, իրենք որևէ բան չեն կարողանալու անել»։

Պողոսյանի խոսքով՝ միջազգային հանրությունից չենք կարող պահանջել, որ որևէ բան ստիպի Ադրբեջանին. «Մի անգամ ասացինք՝ մինչև չլինեն մեխանիզմները, չեն լինի բանակցություններ․ այդ պահանջն ինչքա՞ն տևեց։ Մեզ հարգելու են այն ժամանակ, երբ Հայաստանի ասած այս խոսքից հետո արդյունքը լինելու է այն, որ Հայաստանն ասաց։ Ցանկացած համանախագահող երկիր սկզբից իր երկրի շահերն է դիտարկում. չի կարող ԱՄՆ-ի նախագահն ասել, որ ԱՄՆ-ն է առաջինը, իսկ ամերիկացի նախագահն ասի՝ ոչ, առաջինն Արցախն է։ Նույն ձևով աշխատում են Ֆրանսիան և Ռուսաստանը։ Մինչև չունենաս արդյունք, որ իմանան՝ Հայաստանը եթե ինչ-որ բան ասաց, ուրեմն՝ ինչ-որ բան լինելու է, քեզ չեն հավատալու։ Կատարում են նրա պահանջը, ում հավատում են»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս