Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ցեցը սպառնում է արվեստի ստեղծագործությունների հավաքածուին
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը տուժում է ցեցի ներխուժումից, որը «լուրջ վտանգէ ներկայացնում» արվեստի ստեղծագործությունների, պատմական կահույքի եւ մանածագործական իրերի համար: Այդ մասին գրում է Telegraph թերթը:
Հրատարակության տվյալներով՝ անցյալ տարի հայտնաբերվել է, որ խորհրդարանի շենքերում բնակվում են ցեցի շուրջ 20 հազար առանձնյակներ: 2010 թվականին դրանց թիվը փոքր-ինչ գերազանցում էր 11,8 հազարի նշագիծը:
Նշվում է, որ 2016 թվականին ցեցի դեմ միջոցներ ձեռնարկելու համար Մեծ Բրիտանիայի խորհրդարանը գրեթե 9 հազար ֆունտ ստեռլինգ է ծախսել: Շենքերում տեղակայվել են 729 հատուկ սարքեր՝ ցեցերի թիվը պարզելու եւ խնդրի մասշտաբները գնահատելու համար:
«Ցեցի պոպուլյացիան պետք է վերահսկվի՝ կահույքի… եւ մանածագործական իրերի վնասումը կանխելու համար: Խորհրդարանի արվեստի գործերի հավաքածուին, որը ներառում է արդի գեղարվեստական մանածագործվածքի պետական սեփականության ամենախոշոր հավաքածուներից մեկը, նույնպես լրջորեն սպառնում է (ցեցի – խմբ.) ներխուժումը»,- հայտարարել է խորհրդարանի ղեկավարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: