Բաժիններ՝

Spice Girls-ը հյուրախաղերի կմեկնի հին երգերով

Spice Girls բրիտանական փոփ-խումբը պլանավորում է վերամիավորվել եւ ամռան վերջին հյուրախաղերի մեկնել Մեծ Բրիտանիա եւ ԱՄՆ: Այս մասին կոլեկտիվին մոտ կանգնած աղբյուրների վկայակոչմամբ հայտնել է TMZ ինտերնետ-հրատարակությունը, որը մասնագիտանում է հայտնիների վերաբերյալ նորությունների ոլորտում:

Հրատարակության տվյալներով՝ անցյալ շաբաթ կանանցից բաղկացած խմբի հինգ մասնակիցները հանդիպել են իրենց նախկին մենեջեր Սայմոն Ֆուլլերի հետ՝ քննարկելու հյուրախաղերի կազմակերպման մոտավոր պլանը: Ինչպես պորտալին հայտնել են աղբյուրները, կոլեկտիվը պատրաստվում է մի քանի համերգ տալ Անգլիայում, իսկ հետո ուղեւորվել ԱՄՆ:

Խմբի համաշխարհային շրջագայության կազմակերպմամբ, ըստ TMZ-ի տեղեկատվության, կզբաղվի Ֆուլլերը: Հրատարակությունն ընդգծում է, որ խումբը դեռ նոր է սկսել համերգների պլանավորումը, բայց բոլոր մասնակիցներն արդեն շահագրգռություն են հայտնել շրջագայության իրականացման հարցում: Փոփ-խումբն առայժմ չի պատրաստվում նոր երգեր ձայնագրել, նշում է հրատարակությունը:

Փետրվարի սկզբին Sun բրիտանական տաբլոիդը հայտնել է, որ Spice Girls փոփ-խումբը կվերամիավորվի այն բանից հետո, երբ կոլեկտիվի մասնակից Վիկտորյա Բեքհեմը համաձայնել է մասնակցել համատեղ աշխատանքին: Սակայն այն ժամանակ խմբի անդամներին մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր, որ Բեքհեմը եւ Ջերի Հոլիուելը ընտանեկան հանգամանքների եւ զբաղվածության պատճառով չեն կարողանա լիարժեք կերպով մասնակցել շրջագայությանը:

Կանանցից բաղկացած Spice Girls բրիտանական փոփ-խումբն ստեղծվել է 1994 թվականին՝ Մելանի Բրաունի, Վիկտորյա Ադամսի (Բեքհեմ), Էմմա Բանթոնի, Մելանի Չիսհոլմի եւ Ջերի Հոլիուելի մասնակցությամբ: 2001 թվականին երգչուհիներից յուրաքանչյուրը թողարկեց սեփական սոլո նախագիծը, եւ կոլեկտիվը, փաստորեն, տրոհվեց: Այդ ժամանակվանից աղջիկները մի քանի անգամ կարճ ժամանակով վերամիավորվել են առանձին ելույթների եւ շրջագայությունների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս