«Այս քրեական գործով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ». ՀՀ գլխավոր դատախազը՝ «Մարտի 1»-ի գործի մասին

«Մարտի 1»-ի քրեական գործն առաջնահերթություն է ցանկացած պատասխանատուի համար, քանի որ բացառիկ նշանակություն ունի երկրի համար: Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Այս քրեական գործի վարույթը կասեցված չէ, այս քրեական գործի վարույթը կարճման գնալու որևէ միտում չունի այս պահի դրությամբ: Այս քրեական գործով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ: Քրեական գործի արդյունքների հրապարակայնության ապահովման հետ կապված… երբ հանրությանը զեկուցելու առիթ ունենամ, այսինքն՝ օրինակ՝ ունենաք այնպիսի իրավիճակ, երբ որևէ անձի դատի տալու խնդիր ունենք, երբ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինենք բավարար ապացույցների համակցությամբ, բնականաբար՝ դա կիրացվի:

Այս պահի դրությամբ նախաքննությանը բնորոշ գաղտնիության ռեժիմով բազմածավալ քննչական գործողություններ են իրականացվում: Որոշակի արդյունքների, ձեռքբերումների մասին անպայման համապատասխան հրապարակայնություն կապահովվի»,- ասաց Արթուր Դավթյանը:

Դիտարկմանը, որ տասը սպանությունների մեղադրյալների առումով որևէ առաջընթաց չկա, և հարցին՝ ի՞նչն է խանգարում բացահայտել նաև հրաման տվողներին, Արթուր Դավթյանն արձագանքեց.

«Եթե դուք այն պատկերացումն ունեք, որ հանցագործությունների բացահայտման մեր հնարավորություններն անսահմանափակ են, ես շատ ուրախ եմ դրա համար: Բայց ինքներդ տեսնում եք՝ բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք իրենց բարդությամբ, բազմադրվագությամբ կարող են որոշակի ժամանակ պահանջել բացահայտման համար: Մենք 2017թ. սպանության քրեական գործով կարողացանք տվյալներ ձեռք բերել և բացահայտել 2013թ. կատարված սպանություն, որի վարույթն արդեն կասեցված էր: Իսկ «Մարտի 1»-ի քրեական գործի բարդության մասին, կարծում եմ՝ բոլորդ լիարժեք պատկերացում ունեք: Բարդ գործ է, հազարից ավելի հարցաքննման ենթակա անձանց, բազմաթիվ փորձաքննությունների կատարման, իրավական գնահատականների խնդիր ունի»:

Արթուր Դավթյանը չհամաձայնեց դիտարկման հետ, որ «Մարտի 1»-ի գործով քննչական խումբն անգործության է մատնված: «Սրա մասին կարող են վկայել քննչական գործողությունների թվեր: Միայն 2017թ. 100-ից ավելի հարցաքննություններ են արվել, տասնյակներով փորձաքննություններ են նշանակվել, որոնք միտված են հանցագործությունը բացահայտելուն: Այսպիսի գործողությունների կատարման պարագայում նախաքննական մարմնի գործողությունները չեն կարող դիտարկվել՝ որպես անգործություն»:

Տեսանյութեր

Լրահոս