Ով է Քննչական կոմիտեի ձերբակալված պաշտոնյան. Արթուր Դավթյանը՝ աղմկահարույց ձերբակալությունների մասին

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործով այս պահին դատավարական կարգավիճակ ունի երկու պաշտոնատար անձ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ Դատախազությունը հայտնել էր, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Վ.Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քննչական կոմիտեի ծառայողին փետրվարի 6-ին մեղադրանք էր առաջադրվել, և նա  կալանավորվել էր: Իսկ փետրվարի 7-ին ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վարչության ծառայողը:

Հարցին՝ արդյոք քրեական գործով կա՞ն մեղադրվող կամ կասկածյալ դատախազներ, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ քրեական գործով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաքննությունն ավարտվել էր, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատախազին, ով այն չի հաստատել:

«Խնդիրներ է տեսել գործի քննության լրիվությունը, բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ապահովվելու ուղղությամբ և ուղարկել է լրացուցիչ նախաքննության: Արդյունքում՝ իմ կողմից քրեական գործի վարույթը վերցվել է Լոռու մարզի քննչական վարչությունից և ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննությունը ՀԿԳ վարչությունում իրականացնելու առաջարկով, որը բավարարվել է, և մենք, ըստ էության, այս բացահայտումներն ունեցանք Քննչական կոմիտեի՝ Հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում կատարված քննության արդյունքներով:

Ինչ վերաբերում է այդ գործի քննության ընթացքում պաշտոնատար անձանց հնարավոր հանցավոր մասնակցությանը, ապա ձեզ հայտնի է՝ այդ փաստով էլ քրեական գործ է հարուցված, արդեն մեկ մեղադրյալ ունենք, ևս մեկ ձերբակալված պաշտոնատար անձ ունենք, և քրեական գործով իրականացվելու է բազմածավալ քննություն: Ամեն ինչ անելու ենք՝ հնարավոր բոլոր անձանց ներգրավվածությունը բացահայտելու համար՝ ցանկացած ելքով՝ ով դրանում մասնակցությու ունեցած կլինի»:

Հարցին՝ կարո՞ղ է նախաքննությունն օբյեկտիվ ընթանալ, եթե մեղադրվող պաշտոնատար անձի աները ՀՔԾ-ում ազդեցիկ պաշտոն է զբաղեցնում (լրագրողը նկատի ուներ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային  քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին), Արթուր Դավթյանն արձագանքեց՝ վստահեցնում եմ:

168.am-ի  հարցին՝ արդյոք կալանավորված պաշտոնյան ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյա՞նն է, Արթուր Դավթյանը պատասխանեց.

«Եթե այս պաշտոնատար անձի անունը մեր կողմից պաշտոնապես տալն իրավաչափ գնահատեինք, մենք անունը կֆիքսեինք մեր հաղորդագրության մեջ: Ցավոք, բայց, այսպես ասած՝ արտահոսքի արդյունքում հրապարակվեց համապատասխան պաշտոնատար անձի անունը: Դրա կապակցությամբ նաև քիչ առաջ համապատասխան հարց հնչեցվեց՝ բարեկամական կապի հետ կապված: Կգա ժամանակը, լիարժեք պատկերը կբացահայտենք, բոլորի անուններով կհրապարակենք: Կրկին անդրադառնալով այս հարցին՝ պետք է շեշտեմ՝ յուրաքանչյուրի համար, խոսքը պաշտոնատար անձի մասին է, եթե նույնիսկ գիտակցումը համաչափ չէ պետության մեջ, պետականաշինության մեջ կոռուպցիայի՝ չարիք լինելը, գոնե յուրաքանչյուրը պետք է նվազագույնը մտածի իր անձի, իր հեղինակության, իր ընտանիքի մասին: Սա պետք է իրենք մտածեն: Ամեն պաշտոնյա պետք է բարձր գնահատի այս արժեքները և իր գործունեության ընթացքում հիմքեր չստեղծի, որ մի օր ինչ-որ բանի համար պատասխան տալու և անցած ճանապարհի վրա լիարժեք ստվեր նետելու առիթ ունենա»:

Տեսանյութեր

Լրահոս