Մաուրիսիո Պոչետինոն կգլխավորի «Ռեալը» և կկառուցի խաղը Մարկո Ասենսիոյի շուրջ
Զիդանն արդեն հավաքում է ճամպրուկները
ՖԻՖԱ-ի գործակալ և El Chiringuito-ի լրագրող Խոտա Խորդին տեղեկություն է տարածել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի և «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ապագայի մասին, ովքեր շատ շուտով, հնարավոր է, կաշխատեն մեկ ակումբում:
«Մենք բոլորս գիտենք, որ Ասենսիոն իրեն հարմարավետ չի զգում «Ռեալում»: Նա չի ստանում այն խաղաժամանակը Զիդանից, որը որ ակնկալում էր: Մարկոն արդեն հայտարարել է իր շրջապատին, որ ժամանակն է՝ նոր թիմ փնտրել, որտեղ ինքը կստանա բավարար խաղաժամանակ:
Այս մասին շշուկները հասել են «Ռեալի» ղեկավարներին, որոնք Ասենսիոյին հաղորդել են, որ վերջինս պետք է հանգստություն պահպանի, քանի որ մարզիչը, ում հետ նա պետք է աշխատի, հավատում է իրեն և համարում է առանցքային ֆիգուր ապագա նախագծում: Այդ մարզչի անունը Մաուրիսիո Պոչետինո է»,- հաղորդել է Խորդին:
«Տոտենհեմը» Պոչետինոյի գլխավորությամբ գրավեց առաջին տեղը Չեմպիոնների լիգայի H խմբում, որտեղ խաղում էր նաև «Ռեալը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը