«Ոչ ոք չի ասում, որ սա փայլուն լուծում է, բայց…». «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի կառավարությունը կրկին ժամանակավորապես կդադարի գործել, եթե Կոնգրեսի երկու պալատները չգան համաձայնության ներգաղթի ոլորտի հարցում։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ամերիկյան կառավարությունը կրկին կդադարի գործել, եթե Կոնգրեսը չգա քաղաքական համաձայնության ներգաղթյալների հարցում:

Սենատում դեմոկրատների ու հանրապետականների առաջնորդները չորեքշաբթի օրը եկել են համաձայնության, որի արդյունքում երկու տարով ապահովվում է դաշնային ֆինանսավորումը: Սակայն ներգաղթի հետ կապված հարցերը մնում են չլուծված:

«Ոչ ոք չի ասում, որ սա փայլուն լուծում է, սակայն մենք արել ենք ամեն ինչ ամերիկացի ժողովրդի պահանջները բավարարելու համար: Նախ եկանք համաձայնության, որ խուսափենք կրճատումներից, որոնք խաթարում են մեր բանակի ու անվտանգության համակարգի աշխատանքները»,- հայտարարել է Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը:

Սակայն իրավիճակն ավելի բարդ է Ներկայացուցիչների պալատում: Այստեղ դեմոկրատների փոքրամասնության ղեկավար Նենսի Փիլոսին ի նշան բողոքի ութ ժամանոց ելույթ է ունեցել խորհրդարանի դահլիճում՝ հայտարարելով, որ չի աջակցի հանրապետականների հետ համաձայնությանը մինչև այն պահը, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը պաշտոնապես չխոստանա, որ DACA ծրագրի մասնակիցների խնդիրները կկարգավորվի:

Հիշեցնենք, որ DACA ծրագիրը առաջ է քաշվել նախագահ Օբամայի օրոք: Ծրագիրը նախատեսում է կացության իրավուընք այն ներգաղթյալներին, ովքեր մանուկ տարիքում տեղափոխվել են ԱՄՆ-ը: Վերջիններիս անվանում են «դրիմերներ»: Մարտին ծրագիրը ավարտվում է, և նախագահ Թրամփը չի ցանկանում այն շարունակել:

«Դրիմերներին պաշտպանելը կապ չունի քաղաքականության և կուսակցական պատկանելիության հետ: Եթե այժմ նրանց մասին օրինագիծը դրվի քվեարկության, ապա այն կանցնի երկու կուսակցությունների մեծ աջակցությամբ: Կոչ եմ անում հանրապետական իմ գործընկերներին խոսել դրա մասին: Դրիմերներն առայսօր ապրում են անորոշության ու վախի մթնոլորտում»,- հայտարարել է Փելոսին:

Դեռևս պարզ չէ, թե արդյոք Ներկայացուցիչների պալատում կողմերը կհանգեն համաձայնության:

Նախագահ Թրամփն իր աջակցությունն է հայտնել Սենատում կնքած համաձայնությանը, որով ավելացվում են պաշտպանության ոլորտի համար նախատեսված ծախսերը:

Հիշեցնենք, որ վերջերս արդեն մեկ անգամ գրանցվել էր կառավարության գործունեության դադարեցում DACA ծրագրի շուրջ համաձայնության բացակայության պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս