ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատներն ու հանրապետականները փոխզիջման են եկել բյուջեի շուրջ
ԱՄՆ-ի Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը եւ դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը փետրվարի 7-ին հայտարարել են բյուջեի շուրջ պայմանավորվածության հասնելու մասին, որը նախատեսում է առաջիկա երկու տարում ավելացնել պաշտպանության բնագավառի եւ մի շարք սոցիալական ծրագրերի վրա կատարվող ծախսերը։
Գործարքը պետք է վերջ դնի այն դիմակայությանը, որը հարցականի տակ էր դնում ԱՄՆ-ի կառավարության ընթացիկ աշխատանքի բնականոն ֆինանսավորումը: Համաձայնությունը 300 մլրդ դոլարով բյուջետային ծախսերի ավելացում է նախատեսում հաջորդ երկու տարվա ընթացքում, որից Պենտագոնը լրացուցիչ կստանա ավելի քան 160 մլրդ դոլար, այդ թվում՝ 80 մլրդ դոլարն՝ արդեն այս ֆինանսական տարում:
Բացի այդ, ինչպես նշում է CNN-ը, սենատորները համաձայնության են եկել այլ կարիքների համար նախատեսված ծախսերի շուրջ, որոնք կապված են ԱՄՆ-ի ներսում տարբեր ծրագրերի, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման հետ, ինչը պնդում էին դեմոկրատները:
Շումերը համաձայնությունը որակել է «իսկական բեկում»: Ձեռք բերված պայմանավորվածությունները դեռ պետք է ձեւակերպվեն որպես լիարժեք օրինագիծ, որը պետք է ստանա երկու պալատների աջակցությունը, ինչը թույլ կտա ապահովել կառավարության մշտական ֆինանսավորումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: