«Ես չունեմ Հովհաննես Ոսկեբերանին հարց ուղղելու հնարավորություն և հարցս ուղղում եմ կառավարությանը». Գևորգ Պետրոսյան
«Եթե ես լինեի միջնադարի հայտնի մեկնիչ Հովհաննես Ոսկեբերանի ժամանակակիցը, ես կխնդրեի, որ ինքը մեկնաբանի այսօր առողջապահության նախարարի մի արտահայտություն, մասնավորապես՝ ծխելու համար տուգանքը, եթե էժանացնենք, առևտրի կհանգեցնի, եթե թանկացնենք, ծխելը կվերանա։ Բայց քանի որ ես հիմա ապրում եմ 2018 թվականին, հիմա ես չունեմ այդ հնարավորությունը և ստիպված հարցս ուղղում եմ կառավարությանը»,- այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ արդարադատության նախարարին հարց ուղղելով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ։
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նախ՝ նշեց, որ չի ստանձնի Հովհաննես Ոսկեբերանի դերը. «Եթե պարոն Պետրոսյանը լիներ Ոսկեբերանի ժամանակակիցը, ապա ոսկեբերան հենց ինքը կկոչվեր, այլ ոչ թե այլ անձ»։ Ապա նշեց, որ սխալներ միշտ էլ լինում են, և սխալները նրա համար են, որ ուղղվեն. «Եթե մի քայլ ենք արել, որը կբերի ժողովրդավարության, թափանցիկության, և տեսել ենք, որ դա արդյունքի չի բերում, ավելի ճիշտ է ուղղել սխալը, քան շարունակել այն։ Սա տարրական ճշմարտություն է ցանկացած գործունեության ոլորտում»։
«Շնորհակալ եմ, որ ընդունեցիք ձեր սխալը, բայց այդպիսի սխալները հեշտ չէ ուղղելը և ընդհանրապես չպետք է թույլ տալ։ Հիմա թող իրավասուները որոշեն՝ ներե՞լ, թե՞ ոչ։ Ես կառաջարկեի՝ շարունակել դռնբաց անցկացնել նիստերը և բարձրացնել կարևոր հարցեր, որոնցից ոչ ոք չի կաշկանդվի կամ ամաչի»,- նկատեց Պետրոսյանը։
Իսկ Դավիթ Հարությունյանը նշեց, որ ԱԺ-ն թափանցիկ հարցեր է քննարկում, իսկ կառավարության որակի վրա թափանցիկությունը բացասական ազդեցություն է ունենում. «Իսկ սխալներ մենք անում ենք, ես՝ նույնպես, ուրախ եմ, որ դուք երբևէ նման սխալներ թույլ չեք տալիս»։