
«Մեր գործընկերներն ասում են՝ վարչապետն ասել է՝ «չի ուզում տրանսպորտ նստի, թող ոտքով ման գա». ես տենց բան չեմ ասել». Կարեն Կարապետյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նորից անդրադարձավ գնաճի թեմային՝ պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին՝ ևս մեկ անգամ նշելով, որ առաջիկայում հաշվետվություն կներկայացնեն:
Նրա խոսքով՝ 7.7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, որը տարածաշրջանում ամենաբարձրն է, և կա գնաճ, որն ամենացածրն է. «Շատ դեպքերում իմ խոսքը մի քիչ այլ կերպ են մեկնաբանում, բայց բենզինի թանկացումը որևէ ապրանքի գնի վրա չի ազդում, որովհետև բենզինով որևէ փոխադրում չկա: Ի գիտություն մեր գործընկերների՝ Հայաստանի տրանսպորտի 84 տոկոսն ունի գազից օգտվելու հնարավորություն, ռեգուլյար օգտվում է՝ 75-ը: Գազի գինը վերականգվել է այն գինը, որ եղել է 2 տարի առաջ, պարզ է, որ դա լավ բան չէ, բայց դա նոր պայման չէ: Ինչ վերաբերվում է դիզելին, ապա ով ԱԱՀ-ով է աշխատելու, նա շահելու է, ով ոչ՝ գյուղացին, մենք իրեն սուբսիդավորելու ենք: Այդ իսկ պատճառով, այսօրվա գնաճի մեր թվերը լավագույնն են տարածաշրջանում»:
Վարչապետն ընգծեց, որ բենզինի գնի թանկացումը փոխադրումների վրա չի ազդում. «Բենզին օգտագործում են անհատական մեքենաները, որոնք կարող են գազի անցնել: Մեր գործընկերներն ասում են՝ վարչապետն ասել է՝ «չի ուզում տրանսպորտ նստի, թող ոտքով ման գա». ես տենց բան չեմ ասել»: