«96 հազար քաղաքացի հոկտեմբերի 1-ից չեն լսում «պետպատվերը վերջացել է» խոսքերը». Առողջապահության նախարար
Այսօր Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը բարձրացրեց բժշկական ոլորտի ապահովագրության հարցը:
Նա նկատեց, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շրջանակներում՝ ներդրվեց բուժծառայության ապահովագրական սկզբունքը. «Այսինքն՝ բուժծառայությունը տրամադրվում է ապահովագրության սկզբունքով: Մեր երկրում սա առաջին փորձն է, երբ քաղաքացիները մասնակցում են առողջապահության ապահովագրությանը: Ի՞նչ հարց լուծեց սա»:
Ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ արդեն կարելի է խոսել ինչ-որ վերլուծությունների մասին.
«Անցած ամիսների ընթացքում 96 հազար ապահովագրվածներից 38 հազար քաղաքացու ծառայություններ են մատուցվել: Վիճակագրությունը ցույց է տաիս, որ սոցիալական փաթեթի ծառայությունների ներքո ունենք վիրաբուժական ծառայությունների կտրուկ աճ: Այսօր մոտ 96 տոկոս ծառայությունները վիրաբուժական միջամտություններ են, այնինչ նախկինոմ այս խավը ստացել է մոտ 60 տոկոս վիրահատություններ: Սա խոսում է այն մասին, որ օգնությունն ավելի հասցեական է և արդյունավետ: 96 հազար քաղաքացի արդեն հոկտեմբերի 1-ից չեն լսում «պետպատվերը վերջացել է» խոսքերը»: