«Եթե դեմ չեք, ձեզ կուզենայի հրավիրել ՍԱՊԾ». Իգնատի Առաքելյանը՝ Շաքե Իսայանին
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատահում, որ կաթնամթերքի ոլորտում սննդի անվտանգության նորմերի խախտում հայտնաբերում է ոչ թե՝ ՍԱՊԾ-ն, այլ՝ ԶԼՄ-ն. «Արդյո՞ք չեք կարծում, որ պետական կառույցը, մեղմ ասած՝ իր տեղում չէ, և կառավարությունը գոնե այս դեպքից հետո լրջորեն պետք է վերանայի այդ կառույցի գոյության անհրաժեշտությունը»։
Ի պատասխան՝ Իգնատի Առաքելյանն ասաց, որ բոլորն իրենց տեղում են գտնվում, բոլորը կատարում են իրենց պլանավորած աշխատանքը.
«Սա առաջին դեպքը չէ, երբ մամուլը հայտնաբերում է սննդի որակի թերություններ՝ խանութից ձեռք բերելու ժամանակ։ Դրա հետ կապված՝ ՍԱՊԾ-ն շատ ակտիվ համագործակցում է բոլոր ԶԼՄ ներկայացուցիչների հետ, եթե կան այդպիսի արձագանքներ։ Կոնկրետ թթվասերի հետ կապված՝ հիմա դիտարկում է արվում, և մինչև շաբաթվա վերջ կլինի հայտարարություն ՍԱՊԾ-ից։ Շատ կարևոր ենք համարում աշխատանքն այն առումով, որ, այո, դա վերաբերում է մեր բնակչության կողմից սպառվող սննդի որակին։ Կան խնդիրներ, կա պլանավորած աշխատանք, ֆիզիկապես անհնար է ամբողջ շուկայում 100 տոկոսով ամենօրյա հսկողություն իրականացնել, բայց ձեր կողմից կամ մամուլի կողմից գտած ցանկացած թերություն սննդի որակի մեջ մեծ աջակցություն է ՍԱՊԾ-ին, որպեսզի արագ արձագանքեն»։
Շաքե Իսայանը հստակեցրեց, որ, երբ ասում է՝ պետական կառույցն իր տեղում չէ, նկատի ունի հենց այն, որ, ինչպես նախարարն ասաց՝ սա առաջին անգամը չէ։ Նա հիշեցրեց, որ 2016թ. դեկտեմբերի վերջին դարձյալ ոչ թե պետական ծառայությունը, այլ մեկ այլ կազմակերպություն նորից նմանատիպ խախտումներ հայտնաբերեց թթվասերի և կաթնաշոռի շուկայում. «Անցել է մեկ տարի, և պատկերը կրկնվում է, փաստորեն, նախորդ դեպքն ահազանգ չի հանդիսացել, որպեսզի տվյալ կառույցը վերանայի իր վերահսկողության մեխանիզմները, դրա համար եմ ասում, որ պետական կառույցը տեղում չէ»։
Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ ՍԱՊԾ-ն գնացել է վերջին հրապարակման հետքերով, դիտարկումն անում են, և մինչև շաբաթվա վերջ կհրապարակվեն արդյունքները. «Եթե դեմ չեք, ձեզ կուզենայի հրավիրել ՍԱՊԾ և ներկայացնել, թե տարվա ընթացքում ինչքան դիտարկումներ, կանխարգելիչ քայլեր, ստուգումներ, գանձումներ են արվել։ Ամբողջ ծավալով աշխատում են, հնարավոր չէ ամենօրյա ստուգում կատարել»։