««Աշտարակ-կաթի» շուրջ ստեղծված իրավիճակում, ունքը սարքելու տեղը՝ աչքն էլ դուրս կգա». Նիկոլ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց «Աշտարակ-կաթ» ընկերության սնանկացման հարցը:
Նա հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարի «Աշտարակ-կաթ» ընկերության սնանկացման հետևանքով մի քանի ամսվա աշխատավարձը չստացած քաղաքացիների հարցով դիմել էր վարչապետին:
«Պատասխան եմ ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից, որտեղ ասվում է, որ չվճարված աշխատավարձերի վճարման հնարավորությունը կարող է լուծվել միայն սնանկացման գործընթացի շրջանակներում: Հիմա երկրորդ խնդիրն է առաջ գալիս, հիմա սնանկացման կառավարիչը դատական հայցեր է հարուցել մոտավորապես մի քանի հարյուր միջին և փոքր ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք ժամանակին «Աշտարակ-կաթի» հետ աշխատել են: Ընդ որում, առաքիչներն արձանագրում են, որ այդ փոքր և միջին բիզնեսմեններից առնվազն մի մասից գումարները ստացել և սահմանված կարգով գործարան են մուտքագրել, բայց այդ գումարներն ինչ-որ պատճառով չեն արձանագրվել, և, ահա, սնանկացման կառավարիչը դատի է տվել գործարարներին, ու հիմա կարող է այնպես ստացվի, որ «Աշտարակ-կաթի» շուրջ ստեղծված իրավիճակում, ունքը սարքելու տեղը՝ աչքն էլ դուրս գա: Ուզում էի իմանալ՝ կառավարությունը տեղյա՞կ է խնդրի վերաբերյալ, եթե՝ այո, ի՞նչ դիրքորոշում ունի»,- հարցրեց Ն. Փաշինյանը:
Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ բոլորին է հայտնի, որ սնանկության կառավարիչը գործում է ոչ կառավարության ներքո. «Նա գործում է մասնագիտացված, ինքնակառավարվող կազմակերպության ներքո: Ենթարկվում է միայն օրենքին, վերահսկվում է միայն դատարանի կողմից: Եթե նա դիմել է հայցով, նշանակում է՝ նա ուներ հիմք, ուներ պարտականություն դատարան դիմելու:
Դժվարանում եմ ասել՝ ինչքանով են արդարացված այն հիմնավորումները, որ հիմա դուք ներկայացնում եք, ոչ թե ձեզ եմ կասկածում, այլ յուրաքանչյուր նման հարցին կարող է անդրադարձ կատարվել միայն դատական գործընթացում, և յուրաքանչյուր կողմ պետք է ներկայացնի իր ձեռքի տակ եղած ապացույցները: Եթե մի պահ մտածենք, որ այդ գումարները մուտք են գործել դրամարկղ և հետո անհետացել են, բնականաբար, այն անձինք, որոնք այդ գումարները վճարել են, չեն վճարելու: Բայց նորից եմ կրկնում՝ այդ բոլոր հարցերին միայն կարող է անդրադարձ կատարել դատարանը»: