Լևոն Ալթունյանը՝ 19-ամյա ծննդկանի մահվան մասին
«Ամենայն մանրամասնությամբ քննություն կիրականացվի, և ոչ մի բան չի կոծկվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` խոսելով օրերս Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում 19-ամյա ծննդկանի մահվան մասին:
Երիտասարդ կինը, հիշեցնենք, օրեր առաջ ծննդաբերել էր նույն՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Նրա հարազատները համոզված են, որ կատարվածում առկա է բժիշկների մեղավորությունը, որ ծննդկանը դուրս է գրվել մարմնի բարձր ջերմությամբ։ Նախնական տեղեկությամբ՝ կնոջ մահվան պատճառը սեպսիսն է։
Ըստ նախարարի` պատշաճ մարմինները փորձում են պարզել իրավիճակը: Լ.Ալթունյանը հրաժարվեց մինչև քննության ավարտը նշել, թե ով է եղել ծննդկանի բժիշկը:
Անդրադառնալով Մասիսի պոլիկլինիկայում անալիզների որակի խնդրին` նախարարը գոհունակություն հայտնեց տնօրենի աշխատաոճից, որ անալիզների անցկացման որակի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ ստանալուց հետո իր արյան անալիզը հանձնել է 3 տարբեր անուններով և 3 տարբեր պատասխան ստացել, որից հետո մեզի փոխարեն՝ կանաչ թեյ է հանձնել, և ստացել է հիվանդ մարդու իսկական մեզի անալիզի պատասխան:
«Նախարարությունը ստուգումներ չի անցկացնում, ստուգումներն անց է կացնում տեսչական մարմինը` հաստատված նորմի համաձայն»,- ասաց Լ.Ալթունյանը` նկատելով նաև, որ գուցե անալիզի անցկացման ժամանակ կողքից խանգարել են, ուշադրությունը գրավել են իրենց վրա: