«Սերժ Սարգսյանը լինելու է ՀՀ հաջորդ վարչապետը»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը համոզված է՝ ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանը լինելու է ՀՀ հաջորդ վարչապետը, իսկ Կարեն Կարապետյանը զբաղեցնելու է փոխվարչապետի պաշտոնը: «Իմ կանխատեսումները երբեք չեն իրականացել, ես չեմ կանխատեսել ո՛չ Հովիկ Աբրահամյանի, ո՛չ Տիգրան Սարգսյանի, ո՛չ Կարեն Կարապետյանի նշանակումը, ո՛չ Արմեն Սարգսյանին հրավիրելը, ո՛չ Վիգեն Սարգսյանին ՊՆ նշանակելը: Ոչ մի կերպ չեմ պատկերացրել»,- ասաց Ա.Սարգսյանը` միաժամանակ համոզվածություն հայտնելով, որ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին արված առաջարկից հետո հենց Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետը:

«Արմեն Սարգսյանը կայացած մարդ է, եթե իրեն առաջարկողն ինքը չի մնալու, նա երբեք չէր համաձայնի, նման կարողություններ ունեցող անձը հենց այնպես չէր գալու»,- նկատեց Ա.Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ 1999թ., երբ ինքը վարչապետ է դարձել, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հիմնական խնդիրն ուժային կառույցների ղեկավարների նշանակումն է եղել, իսկ այն ժամանակ նախարարություններ էին, արտաքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության նախարարներին Քոչարյանն է նշանակել: Նրա խոսքով` բոլոր նախագահներն ունեցել են իրական ուժային լծակներն իրենց ձեռքը պահելու խնդիրը, և Ռ.Քոչարյանը դա լուծեց՝ նախարարությունները վարչություններ դարձնելով, քանի որ վարչությունները կառավարության ենթակայության տակ չեն և ուղիղ ենթարկվում են նախագահին, իսկ ՊՆ-ն պատերազմող երկրում հատուկ կարգավիճակ ունի. «Սերժ Սարգսյանը՝ ամենաերկար փորձն ունենալով, կառավարության ամենաերկար անդամը լինելով, իրենից երկարը չկա, հասկանում է, որ նաև կառավարության նիստերին ամեն անգամ չի գնալու, դրանք Կարեն Կարապետյանը կվարի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս