
Մերկելի դաշինքը և ԳՍԴԿ-ն համաձայնեցրել են նոր կառավարության կոալիցիոն պայմանագիրը. Spiegel

Անգելա Մերկելի պահպանողական դաշինքը եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) բազմօրյա բանակցություններից հետո կարողացել են համաձայնեցնել կոալիցիոն պայմանագիրը, որը դրվելու է նոր կառավարության աշխատանքի հիմքում: Այդ մասին հայտնել է Der Spiegel հրատարակությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
«Բանակցորդներն ավարտել են կոնսուլտացիաները. կոալիցիայի վերաբերյալ պայմանագիրը համաձայնեցված է»,-նշել է հրատարակությունը:
DPA լրատվական գործակալությունն իր հերթին հայտնել է, որ կուսակցությունները պայմանավորվել են նաեւ նախարարական պորտֆելները բաժանելու շուրջ: ԳՍԴԿ-ն նոր կառավարությունում կպահպանի արտաքին գործերի նախարարության ղեկավարությունը, բացի այդ, քրիստոնեա դեմոկրատներից (ՔԴՄ) այս քաղաքական ուժին կանցնի ֆինանսների նախարարությունը: Այդ մասին փետրվարի 7-ին հայտնել է Bild թերթը:
Քրիստոնեասոցիալական միության ղեկավար Հորստ Զեեհոֆերը, որը մոտ ժամանակներս թողնելու է Բավարիայի վարչապետի պաշտոնը, կստանա ներքին գործերի նախարարի պաշտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: