Ադրբեջանը վերապահումով է մոտեցել կոնվենցիային, Հայաստանն առարկել է
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանն ասաց, որ ՀՀ-ն անցում կկատարի խորհրդային ժամանակաշրջանից ընդունված ճանապարհային նշանների և գծանշանների կարգից՝ դեպի ավելի արդիական և միջազգայնորեն ընդունված համակարգ: Կոնվենցիան լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության ավտոմոբլիային ճանապարհները ճանապարհային նշաններով և գծանշաններով ավելի հագեցած դարձնելու համար:
Նա նաև նշեց, որ Ադրբեջանը վերապահումով է մոտեցել այդ կոնվենցիային, և Հայաստանն առարկություն է ներկայացրել Ադրբեջանի վերապահման վերաբերյալ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խնդրեց ներկայացնել, թե ի՞նչ վերապահում է ներկայացրել Ադրբեջանը, և ի՞նչ առարկություն է ներկայացրել Հայաստանը:
«Ադրբեջանը հայտարարում է, որ հնարավոր չէ երաշխավորել Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում կոնվենցիայի դրույթների իրականացումը՝ մինչև այդ տարածքներն օկուպացիայից ազատելը և օկուպացիայի հետևանքների ամբողջական վերացումը: Հայաստանի առարկությունն այն է, որ Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը՝ հակամարտության պատճառների և հետևանքների առումով»,- նշեց փոխնախարարը: