Կիմ Չեն Ընի քույրը Հարավային Կորեա կայցելի օլիմպիական պատվիրակության կազմում
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը, այս շաբաթ Հարավային Կորեա կայցելի Փհենչհանի Օլիմպիական խաղերի պաշտոնական պատվիրակության կազմում: Այդ մասին հայտնել է Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը:
«Հյուսիսը տեղեկացրել է, որ Կիմ Յո Չժոնը, որն զբաղեցնում էԿորեայի Աշխատանքային կուսակցության (ԿԱԿ) կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի պետի տեղակալի պաշտոնը, կընդգրկվի 22 բարձրաստիճան անձանցից բաղկացած պատվիրակության կազմում. որը գլխավորելու է ԿԺԴՀ-ի պաշտոնական ղեկավար Կիմ Յոն Նամը»,-նշում է գերատեսչությունը:
Փետրվարի 4-ին հայտնի է դարձել, որ Գերագույն ժողովրդական ժողովի (խորհրդարան) նախագահության 90-ամյա նախագահ Կիմ Յոն Նամը հարավկորեական Փհենչհանի ձմեռային Խաղերում գլխավորելու է Փհենյանի պատվիրակությունը: Նրանք Հարավային Կորեայում կգտնվեն փետրվարի 9-ից մինչեւ 11-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: