
«ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայի գործողություններից Սիրիայի հյուսիսում». Մոգերինի

Եվրամիությունն անհանգստացած է այն ռազմական գործողությունից, որը Թուրքիան ծավալել է Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում:
«Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի հյուսիսում նոր ռազմաճակատների հայտնվելու կապակցությամբ,- ասել է նա:- Նոր ռազմաճակատների բացումը խնդրի լուծում չէ, եւ դա ավելի անվտանգ չի դարձնի Թուրքիան»: Նրա խոսքով՝ «կայուն անվտանգությունը կարող է ձեռք բերվել միայն քաղաքական լուծման հիման վրա, բանակցությունների ճանապարհով»:
Մոգերինին համոզված է, որ «բոլոր ռազմական գործողությունները պետք է կենտրոնանան ՄԱԿ-ի համապատասխան ցուցակում ներառված ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի վրա, այլ ոչ թե ուրիշ երեւէ մեկի դեմ»: Եվրամիությունը, Մոգերինիի խոսքով, «հանձնառու է Սիրիայի միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: