
Երկրաշարժ Թայվանում. կան զոհեր և հարյուրավոր վիրավորներ

Առնվազն չորս մարդ է զոհվել, 225-ը՝ վերքեր ստացել եւ 145-ը՝ անհետ կորել Թայվանի արեւելյան մասում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով: Այս տվյալները փետրվարի 7-ին ներկայացրել է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը։
Sina պորտալի տվյալներով՝ առնվազն 104 կրկնական ստորգետնյա ցնցում է գրանցվել երկրաշարժի շրջանում: Երկու առավել ուժգին հետցնցումների մագնիտուդը կազմել է 5,4, եւս մեկինը՝ 5,2:
Ստորգետնյա ցնցումները մի քանի շենք են վնասել Խուալյանի գավառում, այդ թվում՝ Marshal Hotel 11-հարկանի հյուրանոցը, որի երեք ստորին հարկելը փլվել են: Պատահարի վայրում աշխատում են փրկարարները՝ հատուկ վարժեցված շներով: Աղետի գոտում վնասված են երկու կամուրջ ու ճանապարհներ: Մի քանի շրջաններում խախտված է էլեկտրամատակարարումը:
Իշխանությունների կարգադրությամբ՝ փետրվարի 7-ին գավառի տարածքում փակվել են դպրոցներն ու գրասենյակները: Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը շարունակվում է:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով կեսգիշերին մոտ (Երեւանի ժամանակով 19:50-ին): Թայվանի սեյսմոլոգների գնահատումների համաձայն՝ էպիկենտրոնը գտնվումէր ծովն ջրատարածքում՝ Խուալյանի գավառի առափնյա գոտում, իսկ օջախը 10 կմ խորության վրա էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: