Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված տղամարդուն, խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտե. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ներքնակների խանութից գողության փորձ կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 27-ի՝ ժամը 19:30-ից դեկտեմբերի 28-ը՝ ժամը 06:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Երևան քաղաքում գործող ներքնակների մասնագիտացված խանութի մուտքի դռան ապակին, մուտք գործել, սակայն ոչինչ չգողանալով` հեռացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են ներքնակների խանութ-սրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի տղամարդ, կոտրելով ապակին, մուտք գործում խանութ, շրջում սրահում, ապա՝ հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։ Ովքեր տեղեկություններ ունեն դեպքի մասին, ճանաչում են տեսանյութում պատկերված տղամարդուն կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության մասին, հայտնեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: