Բաժիններ՝

«Համայնքների խոշորացման հետևանքով արտագաղթը չի ավելացել». Փոխնախարար

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ միջհամայնքային միավորումների հիմնական դերակատարումը որոշակի կենսական խնդիրներ լուծելու համար իրենց սեփական լիազորությունների շրջանակում միավորվելն է:

«Նախկինում էլ եղել են միջհամայնքային միավորումների փորձեր, սա կենսական խնդիր լուծելու համար մի շարք համայնքների կամավոր սկզբունքով միավորվելու հնարավորությունն է: Մենք այս օրինագծով ավելի ինստիտուցիոնալ նկարագրություն ենք տալիս կամավոր հիմունքներով ձևավորվող միջհամայնքային միավորմանը, որովհետև մենք մնում ենք այն համոզմանը, որ սեփական լիազորությունների պարագայում պետք է լինեն բացառապես կամավոր միավորումներ, մենք՝ որպես պետական մարմին, չենք ուզում միջամտել ՏԻՄ-երին օրենքով վերապահված սեփական լիազորություններին: Մենք այս նոր կարգավորումներով այդ մեսիջն ենք ուղղում համայնքներին, որ կարող են միավորվել ու ստեղծել միջահամայնքային միավորում»,- նշեց Վ. Տերտերյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե այսօր քանի՞ համայնք է խոշորացել, և քանի՞ միջհամայնքային միավորում է նախատեսվում ստեղծվել:

Ի պատասխան՝ Վ. Տերտերյանը նշեց, որ դեռ հստակ չէ՝ քանի միջհամայնքային միավորում կլինի. «Ունենք խոշորացված 52 համայնքներ, որում ընդգրկված են նախկին 462 համայնքները»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանն էլ կարծիք հայտնեց, որ միավորման հետևանքով բազմաթիվ համայնքներում արտագաղթն ավելացել է. «Քիչ չեն նաև այն համայնքները, որտեղ բնակչության մեծամասնությունը ծերեր են: Շատ համայնքներում այդ մասնագիտական ներուժը գոյություն չունի համայնքի զարգացման ծրագրեր մշակելու և ներկայացնելու համար»,- նշեց պատգամավորը:

Վ. Տերտերյանը չհամաձայնեց, որ խոշորացման հետևանքով համայնքներից արտագաղթն ավելացել է. «Կարող եմ ուղղակի պնդել, որ խոշորացման հետևանքով արտագաղթը չի ավելացել: Մենք համայնքներում աշխատանքներ տանում ենք մասնագետներին պատրաստելու ուղղությամբ: Ընդգրկել ենք երիտասարդներ՝ թարմ ուժերով, որոնք կօգնեն ձևավորել այդ ծրագրերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս