«Մեծ Պահքի ժամանակ մարդ պիտի ավելի մաքրվի հոգեպես». Տեր Մինաս քահանա Մովսիսյան
Մեծ Պահքը տևում է 48 օր. այս տարի այն սկսվելու է փետրվարի 12-ից՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանն ասել է, որ Պահքի շրջանում պետք է օգտագործել բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Նրա խոսքով՝ Պահքի ընթացքում պետք է հրաժարվել ոչ միայն որոշակի կերակրատեսակներից, այլև մոլի սովորություններից՝ շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքներից և այլ մեղքերից:
«Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Մեծ Պահքի ժամանակ մարդ պիտի ավելի մաքրվի հոգեպես,-պարզաբանել է հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը և ավելացրել,-ըստ եկեղեցական ավանդության` գոյություն ունի երեք տեսակի պահք: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից և ոգելից խմիչքներից հրաժարվելը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը. դրա համար էլ Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան: Երրորդը ծոմ պահելն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարվելը սննդից և անգամ ջրից»:
Կայքի զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: