Բաժիններ՝

Գյումրիում նշեցին Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձը

Ծննդավայրում նշեցին ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, Artists for Peace բարեգործական կազմակերպության հիմնադիր երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձը:

«Հայ մշակութային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Գյումրու քաղաքապետարանի ու Շիրակի մարզպետարանի աջակցությամբ», Գյումրու «Երիտասարդական պալատ»-ում, անցկացվեց խոնարհումի երեկույթ՝ նվիրված ժողովրդական երգերի անզուգական կատարող Ֆլորա Մարտիրոսյանին: Միջոցառմանը հավաքվել էին ինչպես երգչուհու սերնդակիցները, այնպես էլ ավելի երիտասարդներ, ովքեր մեծացել են այն երգերով, որոնք երգչուհու անզուգական ձայնի շնորհիվ անմահացել են:

«Ֆլորան կա, քանի դեռ նրան հիշում ու գնահատում են»,- նշեցին ներկաները: Շատերը հիշողություններ պատմեցին երգչուհու մասին: Գյումրեցի երգիչ-երգչուհիների կատարմամբ հնչեցին երգեր Ֆլորա Մարտիրոսյանի երգացանկից: Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև «Բյուրակն» միջնադարյան երգերի համույթը, իրենց խոնարհումը սիրված երգչուհուն բերել էին նաև «Հուսո փարոս» դպրատան սաները: Երգչուհին դեռ մանկապարտեզում է աչքի ընկել յուրահատուկ ու անկրկնելի ձայնային տվյալներով, սակայն, նույնիսկ այդ հասակում երգել է միայն այն երգերը, որոնք ինքն է հավանել, ինչպես երգչուհին է ասել՝ մայրիկից ու հայրիկից լսածը, ինչն ավելի ինքնատիպ էր դարձնում երգչուհուն: Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին Գյումրիում։ Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։

Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, ապա՝ Երևանի պետական կոնսերվատորիան։ 2001 թ. Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։ 2002 թ. Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա, իսկ 2007 թվականին՝ “Artists for Pease” բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչներ, հոլիվուդյան գերաստղեր՝ “Այլևս երբեք” կարգախոսով իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների։ 2011 թ. սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհու պատվավոր կոչում: Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս