Բաժիններ՝

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» որոշել է բոյկոտել արտահերթ նախագահական ընտրությունները

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» փետրվարի 5-ին տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշել է բոյկոտել ապրիլի 11-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունները և բողոքի ակցիաներ իրականացնել: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Ադրբեջանի նախագահական հերթական ընտրությունները նշանակված էին 2018թ-ի հոկտեմբերի 17-ին և այդ մասին հայտարարվել էր ընդամենը 3 շաբաթ առաջ: Հոկտեմբերի 17-ն արդեն հայտարարվել էր որպես ոչ աշխատանքային օր, և հիմա հայտարարվում են արտահերթ ընտրություններ և այն էլ նախընտրական քարոզարշավն սկսվելուց ընդամենը 5 օր առաջ: Այս ընթացքում երկրում տեղի չեն ունեցել իրադարձություններ, որոնք առաջացնեին արտահերթ ընտրությունների պահանջ: Այսօր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» համակարգող մարմնի նիստում մենք քննարկեցինք արտահերթ ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը, հնարավոր քաղաքական, իրավական, սոցիալական եւ բարոյական հետեւանքները: Մենք ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ ընտրությունները որակում ենք որպես ընտրությունների ինստիտուտի ծաղրանք, քանի որ դա վերացնում է այն ամենը, ինչ փոքր ի շատե պահպանվել էր այդ ինստիտուտից»,- նշել է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին:

Հասանլին հիշեցրել է նաև, որ նախորդ` 2013 թ. նախագահական ընտրություններում ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը եզրակացրել էր, որ ընտրատեղամասերի 58 տոկոսում, որտեղ դիտորդները ներկա էին գտնվել, արձանագրվել էին կեղծիքներ:

«Մենք վստահ ենք, որ ապրիլի 11-ին նշանակված ընտրությունները նույնպես անցնելու են ընտրակեղծիքներով: Մենք գտնում ենք, որ այս ընտրությունները ևս մեկ քայլ կդառնան ադրբեջանական ժողովրդի ընտրությունների միջոցով իրենց իշխանությունը ձեւավորելու հնարավորությունից զրկելու ճանապարհին»,-հավելել է Հասանլին:

«Մենք որոշել ենք բոյկոտել այս ֆարսը, որը կոչվում է նախագահական ընտրություններ: Մենք դիմելու ենք ժողովրդին դիմակայելու այս իշխանություններին՝ օգտագործելով բոլոր իրավական եւ քաղաքական միջոցները», – եզրափակել է նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս