ԿԺԴՀ-ից 229 մարզասերներ կժամանեն Փհենչհանի Օլիմպիական խաղերին
229 հյուսիսկորեացի մարզասերներից բաղկացած խումբը փետրվարի 7-ին կժամանի Հարավային Կորեա՝ քաջալերելու ԿԺԴՀ-ի մարզիկներին Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերում:
Այդ մասին հայտնել է AP գործակալությունը: Հարավային Կորեայի միավորման գործերի նախարարությունում նշել են, որ աջակցության խմբի հետ մեկտեղ կժամանեն շուրջ 50 հյուսիսկորեացի պաշտոնյաներ, լրագրողներ եւ թեքվանդոյի ցուցադրական ելույթի մասնակիցները:
Պատվիրակությունը կգլխավորի ԿԺԴՀ-ի սպորտի նախարար Կիմ Իր Գուկը: Հունվարին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ԿԺԴՀ-ի 22 մարզիկների թույլատրել է մասնակցել Փհենչհանի ձմեռային Օլիմպիադային: Հյուսիսային Կորեայի մարզիկները կմասնակցեն հոկեյի, գեղասահքի, շորթ-թրեքի մրցումներին, լեռնադահուկային սպորտին եւ դահուկավազքին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: