Ինդոնեզիայում հազարավոր մարդիկ են տարհանվել հեղեղումների պատճառով
Երկու մարդ է զոհվել Ինդոնեզիայի Արեւմտյան Ճավա նահանգում հորդառատ անձրեւների առաջացրած սողանքների հետեւանքով: Այդ մասին հայտնել է AP գործակալությունը: Նրա տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները եւ տեղի բնակիչները փնտրում են եւս չորս մարդու, որոնք անհայտ կորած են համարվում:
«Ջակարտա պոստ» հրատարակությունը հաղորդում է, որ շուրջ 5 հազար մարդ է տուժել Ինդոնեզիայի մայրաքաղաքում եւ հարեւան շրջաններում առաջացած սաստիկ հեղեղումներից: Տեղատարափների պատճառով ափերից դուրս է եկել Չիլիվունգ գետը, որը հոսում է Ջակարտայով:
Փետրվարի 6-ին Ջակարտայի նահանգապետ Անիես Բասվեդանը հայտարարել է, որ հարկ է եղել տարհանել մայրաքաղաքի մի քանի հազար բնակիչների: Դրա հետ մեկտեղ քաղաքի բնակիչներից շատերը նախընտրել են մնալ իրենց տներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: