«Լսել եմ, որ ծնունդներին իրար տեսախցիկներ են նվիրում. ժողովրդի դեմ հոգևոր ցեղասպանություն է իրականացվում». Տիգրան Հովհաննիսյան
«Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և միության գլխավոր իրավաբան Մհեր Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառների մասին և առաջարկեցին իրենց լուծումները։
Մհեր Շահնազարյանի խոսքով՝ ՃՏՊ-ների արդյունքում Հայաստանում բավականին շատ զոհեր են լինում, և, ըստ նրա՝ այդ դեպքերը նվազեցնելու համար պետք է համապատասխան իրավական ակտերով սահմանվեն որոշակի չափորոշիչներ. «ՃՏՊ-ների հիմնական մասն առաջանում է կա՛մ վարորդների կողմից ալկոհոլի չարաշահման, կա՛մ նրանց անփորձառության, կա՛մ ճանապարհների ոչ բարեկարգ լինելու արդյունքում։ Այս երեք պատճառը գերազանցում է մնացած այլ ցուցանիշներին, որոնք կարող ենք մահվան ելքով ՃՏՊ-ների պատճառ դառնալ»։
Իրավաբանն առաջարկում է վարորդական իրավունք հանձնել որոշակի խոչընդոտներ հաղթահարելուց հետո միայն. «Դրանք պրոցեսներ են, որոնց պետք է մասնակցի ապագա վարորդը։ Օրինակ՝ Գերմանիայում վարորդական վկայական ստանալու համար անձը պետք է անցնի բավականին երկար ճանապարհ․ նախ պետք է հատուկ դպրոցում անցնի ուսուցում, պետք է ստանա դպրոցի ավարտական վկայականը, որը, սակայն, ճանապարհային ոստիկանի համար հիմք չէ, որպեսզի նրան տրվի վարորդական վկայական, և այդ նույն քննությունները նա պետք է հանձնի ՃՈ ծառայությունում։
Ասել, թե մեր երկրում կանոնակարգված չէ, սխալ կլինի, քանի որ 2009 թվականին կառավարության համապատասխան որոշմամբ կարգավորվել է վարորդական վկայականներ տալու կարգը, տեսական և գործնական քննություններ հանձնելու կարգը։ Բայց վարորդը պարտադրված չէ հաճախել որոշակի դասընթացների։ Պետք է օրենքում լրացումներ կատարվեն, և վարորդական վկայական ստանալուց առաջ անձը պարտադիր սովորի ավտոդպրոցում։ Պետք է ստեղծել ավտոդպրոցների ցանց, և ապագա վարորդները պարտադիր պետք է անցնեն տեսական և գործնական դասընթացներ»։
Դիտարկմանը, թե փորձառու վարորդներն էլ են խախտումներ կատարում՝ ինքնահաստատվելով ճանապարհներին, ասուլիսի մյուս բանախոս Տիգրան Հովհաննիսյանն այսպես արձագանքեց.
«Ես չէի ասի, թե փորձառու վարորդներն են խախտումներ կատարում։ Ոստիկանության վերահսկողությունը լավ էլ ծանրաբեռնված է տեսախցիկների միջոցով, բայց դրանցից ոչինչ չփոխվեց։ Բոլորը վերահսկվում են տեսախցիկներով, բայց աշխարհում առաջին տեղում ենք մահացության և վթարների ցուցանիշներով։ Պատճառն այն է, որ ի սկզբանե բիզնես կոչեցյալը բերեց նրան, որ իրականացվեց հոգևոր ցեղասպանություն ժողովրդի դեմ։ Հարկային մարմինները թող բոլոր տեսախցիկները ստուգեն, տեսնենք՝ որ մեկն է գրանցված։ Ես լսել եմ, որ ծնունդներին իրար տեսախցիկներ են նվիրում։ Տեսուչները պլանով փող են հավաքում։ Տեսուչն էլ մեղավոր չի, ժողովուրդն էլ մեղավոր չի, որ գնում ու վարորդական վկայական են ձեռք բերում։ Ավտոդպրոցներն իսպառ վերացել են»։
168.am-ի հարցին՝ իրենց նշած ավտոդպրոցները կոռուպցիոն ռիսկեր չե՞ն ստեղծի, վարորդական իրավունքի վկայական գնողն ավտոդպրոցի վկայական չի՞ գնի, Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Իրավական մեխանիզմներ պետք է մշակել։ Ինչ ասում ենք՝ ասում են՝ փողը կտան, կանեն։ Պետք է մեխանիզմներ մշակվեն, որ իսկապես կաշառակերություն չլինի»։