Բաժիններ՝

Բուրջանաձեն իրեն համարում է Վրաստանի նախագահի լավագույն թեկնածուն

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն վստահ է, որ ընթացիկ տարվա նախագահական ընտրություններում ինքը կլինի այդ պաշտոնի լավագույն թեկնածուն: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է «Պալիտրանյուս» հեռուստաընկերության եթերում: Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի աշնանը: Ներկայում երկրի նախագահը Գեորգի Մարգվելաշվիլին է:

«Ներեցեք իմ այս անկեղծության համար, բայց ես խիստ կասկածում եմ, որ ինձնից ավելի լավ թեկնածու կհայտնվի: Սակայն եթե գտնվի այն մարդը, որը երկրի համար թեկուզ եւ մեկ չափանիշով ավելի լավը կլինի Նինո Բուրջանաձեից, ես ոչ միայն կհանեմ իմ թեկնածությունը, այլեւ իմ ձայնը կտամ այդ մարդու օգտին»,-հայտարարել է Բուրջանաձեն:

Նրա խոսքով՝ իրենից ավելի լավը կարող է լինել ավելի փորձառու, ավելի կոմպետենտ մեկը, որն ունի ավելի մեծ շփումներ եւ ավելի վճռական է: Բուրջանաձեն Վրաստանի խորհրդարանի խոսնակն էր նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից երկրի կառավարման ժամանակներում:

Հեռանալով նրանից՝ քաղաքական գործիչն ստեղծեց «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը: Ընդսմին նրա կուսակցությունը չկարողացավ խորհրդարան անցնել ո՛չ 2012 թվականի, ո՛չ էլ 2016 թվականի ընտրությունների արդյունքներով:

Բուրջանաձեն Վրաստանում համարվում է այն մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը, որն ուղղակիորեն պնդում է Ռուսաստանի հետ ուղղակի երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման եւ երկրի տարածքային ամբողջականության հարցի կարգավորման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս