«Կանչել էինք՝ ճնշում գործադրելու իշխանությունների վրա». «Ելքը» գոհ է հանրահավաքից
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գոհ է երեկ տեղի ունեցած «Ելք» դաշինքի հանրահավաքից: Նա վրդովվեց հարցից, թե ինչո՞ւ դաշինքի ղեկավարները տուն ուղարկեցին հանրահավաքի մասնակիցներին, արդյոք հրաժարվո՞ւմ են փողոցային պայքարից:
«Ի՞նչ է, «Ելքը» կանչել էր երթի և հանրահավաքի` պայմանով, որ տուն չե՞ն գնալու: Հարցի հիմքը որտեղի՞ց է: Կանչել էինք՝ ճնշում գործադրելու իշխանությունների վրա»,- ասաց նա:
Ըստ Է.Մարուքյանի` իրենց նախաձեռնած ստորագրահավաքը հաջողվել է, և արդեն պատգամավորների բավարար ստորագրություններ կան, ու փետրվարի 16-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ` հարկային փոփոխությունների և գների բարձրացման հարցերը քննարկելու համար:
Նրա խոսքով` հանրության վրա իրենք ոչինչ չեն թողել, այլ կոչ են արել աջակցել, և այդ աջակցությունը եղել է երթին. «Մենք որևէ մեկի վրա բեռ չենք դրել, մենք մեր վրա դրված բեռը կրում ենք: Մենք ունենք մանդատ` ժողովրդին հուզող հարցերը բարձրացնելու, և բարձրացնում ենք»:
Նա նշեց, որ հանրահավաքի մասնակիցներին չի հաշվել, դրա համար պետք է դիմել Ոստիկանությանը և մի քիչ ավելացնել նրանց ասած թիվը:
Մանրամասները` տեսանյութում