Բաժիններ՝

«Գիտակցում եմ, որ մեդալների համար չեմ պայքարելու». oլիմպիական Աշոտ Կարապետյան

Հաշված օրեր անց Փհենչհանում կվառվի ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի կրակը` ազդարարելով «Սպիտակ խաղերի» մեկնարկը: Հայաստանն այս տարի խաղերին մասնակցում է միայն 3 մարզիկով: Հայ օլիմպիականներից մեկը ծաղկաձորցի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կարապետյանը պատմեց իր անցած ուղու մասին և խոսեց խաղերից սպասելիքներից:

-Աշոտ, պատմեք խնդրեմ, թե երբ և ինչպես եք սկսել զբաղվել լեռնադահուկով:

-Դահուկների վրա կանգնել սովորել եմ 3 տարեկանում, բայց ավելի խորացված և պրոֆեսիոնալ կերպով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից: Ավելի քան 8 տարի դահուկների վրա եմ: Դահուկներ քշել սովորել եմ հայրիկիցս, նա է եղել իմ առաջին ուսուցիչը: Նա ևս դահուկորդ է: Դահուկները մեր ընտանիքին հարազատ են: Չեմ կարծում, որ դահուկներից բացի ուրիշ բանով կզբաղվեի: Ծաղկաձորում, որտեղ ես ապրում եմ, գրեթե բոլորն են զբաղվում դահուկասպորտով:

-Օրեր առաջ մասնակցեցիք նաև Հայաստանի առաջնությանը: Ինչպիսի՞ն ստացվեց այն ձեզ համար:

– Իհարկե, գոհ եմ Հայաստանի առաջնությունում իմ գրանցած արդյունքից: Ինձ չհաջողվեց վիզայի պատճառով միջազգային մրցաշարերի մասնակցել, մեր երկրում էլ ձյունը բավարար չէր մարզումների համար: Ամեն դեպքում ինձ հաջողվեց Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել: Հայաստանի այս առաջնությունում մրցակցությունն ավելի լարված էր, քան անցած տարի:

-Օլիմպիական խաղերին մասնակցելը բոլոր մարզիկների մեծ երազանքն է: Ի՞նչ պիտի տա ձեզ այս Խաղերին մասնակցությունը:

-Յուրաքանչյուր մարզիկի համար ամենավերջին կետը Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Ուզում եմ այս խաղերին պատվով ներկայացնել Հայաստանը, գիտեմ և գիտակցում եմ, որ մեդալների համար չեմ պայքարելու, բայց ուզում եմ շատերին պատմել և ասել մեր երկրի մասին: Իմ մրցակիցներն ավելի փորձառու են, նրանք տարիքով ավելի մեծ են, և ես չեմ կարող նրանց հետ հավասարի պես պայքարել մեդալների համար: Պետք է լավ ներկայանալ:

-Աշոտ, դուք ընդամենը 18 տարեկան եք: Պատասխանատվության զգացումը մեծ չէ արդյոք:

-Շատ մեծ է: Պատասխանատվությունը նրանում է, որ փորձելու եմ ոչ թե մեդալ նվաճել, այլ Հայաստանը ճիշտ ներկայացնել:

Հարցազրույցը՝ Վարվառա Հայրապետյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս