«Այս քվեարկությունից հետո կարող ենք արձանագրել, որ պատգամավորը կարող է հարձակվել պատգամավորի վրա»
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգ չընգրկվեց ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017 թվականի հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտեու վերաբերյալ ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
Այս նախագծի վերաբերյալ գլխադասային, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել էր բացասական եզրակացություն:
Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ պատգամավորի նկատմամբ տեղի է ունեցել ոտնձգություն. «Մենք՝ որպես քաղաքական մարմին, պետք է նաև ապահովենք իրավական պաշտպանության մեխանիզմը: Պատգամավորի ինստիտուտի նկատմամբ հնարավոր ոտնձգության փորձ է տեղի ունեցել: ԱԺ մեծամասնությունը հանձնաժողվում մերժել է այս նախագիծը: Թեև այն բացասական եզրակացություն է ստացել, բայց կոչ եմ անում դրան կողմ քվեարկել ու ընդգրկել օրակարգ»:
Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ հանձնաժողովն ի սկզբանե այս նախագծին դեմ չի եղել, պարզապես իրենք առաջարկել են փոխել հանձնաժողովի անունը, ինչը «Ելք» խմբակցության կողմից չի ընդունվել:
Հանձնաժողովն առաջարկել է ստեղծել հանձնաժողով միջադեպի վերաբերյալ և անվանման մեջ կոնկրետ պատգամավորի անուն չնշել:
«Այս քվեարկությունից հետո կարող ենք արձանագրել, որ պատգամավորը կարող է հարձակվել պատգամավորի վրա, և, բնականաբար, այդ հարձակումն անձնական հողի վրա չէ, այլ՝ քաղաքական: Այսինքն՝ մարդկանց կարծիքը, քաղաքական ելույթները կարող են հարվածի տակ դրվել այս շենքում: Այս քվեարկությամբ դա հաստատվում է»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: