Մալդիվներում ձերբակալել են գերագույն դատավորին և նախկին նախագահին
Մալդիվյան Հանրապետության ոստիկանությունը փետրվարի 6-ին ձերբակալել է երկրի Գերագույն դատարանի երկու դատավորների, այդ թվում՝ դատարանի նախագահ Աբդուլա Սայիդին: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ դատավորները ձերբակալվել են «հետագա հետաքննության համար»: Փետրվարի 4-ին երկրի գլխավոր դատախազ Մոհամեդ Անիլը հայտարարել է, որ Մալդիվների Գերագույն դատարանը պատրաստվում է իշխանությունից հեռացնել նախագահ Աբդուլա Յամինին:
Նա նշել է, որ Գերագույն դատարանը նման լիազորություններ չունի եւ ոստիկանությանն ու զինվորականներին կոչ է արել՝ չենթարկվել այդ որոշմանը: Ավելի վաղ փետրվարի 5-ին երկրում սահմանվել է արտակարգ դրություն 15 օր ժամկետով: Կարգի պահապանները նաեւ ձերբակալել են երկրի նախկին նախագահ Մոմուն Աբդուլ Գայումին (հանրապետությունը ղեկավարել է 1978 – 2008 թվականներին):
Ինչպես նշել է տեղական Aafathis թերթը, Մոմունը ձերբակալվել է խորհրդարանի անդամներին կաշառելու փորձի համար: Մալդիվներում ճգնաժամն սկսվել է այն բանից հետո, երբ նախագահ Յամինը, որն իշխանության գլուխ է 2013 թվականից, հրաժարվել է կատարել Գերագույն դատարանի վճիռը, որը որոշել է ազատ արձակել ընդդիմության՝ բանտարկության մեջ գտնվող առաջնորդներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: