Կառավարման ողջ լծակները կենտրոնացնում են վարչապետի ձեռքում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձում է նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո պետական կառավարման ողջ լծակները կենտրոնացնել վարչապետի ձեռքում: Ու քանի որ հենց Սերժ Սարգսյանն է համարվում վարչապետի հիմնական թեկնածուն, փորձ է արվում պետական կառավարման մարմինների գործունեությանն առնչվող ողջ օրենսդրությունը հենց այդ տրամաբանությամբ գրել` օծելով նրան լայն լիազորություններ: Ու բանն այնտեղ է հասել, որ ներկայացված օրենսդրական նախագծերն իրենց բովանդակությամբ արդեն հակասությունների մեջ են մտնում Սահմանադրության հետ:
Ըստ երկրի մայր օրենքի 135 հոդվածի` նախագահը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ներում է շնորհում դատապարտյալներին: Բայց ԱԺ ներկայացված «Ներման մասին» օրինագծի համաձայն` նախագահը ներում շնորհելու է վարչապետի առաջարկությամբ:
Այսինքն` մինչեւ համապատասխան առաջարկը նախագահին ներկայացնելը ներման հետ կապված ողջ գործընթացը կարգավորելու է վարչապետը: Ավելին` եթե նախագահը համառի եւ չընդունի վարչապետի առաջարկը, այնուամենայնիվ, փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու իրավունքի ուժով: Ասել է, թե այս հարցում որոշողը լինելու է վարչապետը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: