Բաժիններ՝

Երևանում Բարեկենդան օրեր են

Երևանում բարեկենդան օրեր են, որը նշանակում է՝ Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի վարչական բոլոր շրջաններում սկսվել է բարեկենդանյան երկշաբաթյա միջոցառումների շարքը։

Սուրբ Զատիկից քառասուն օր առաջ նշվող բարեկենդանը հայոց ավանդական, գեղեցիկ ու սիրված տոներից մեկն է, որը Շենգավիթ վարչական շրջանում նշվեց Պատանեկության ստեղծագործական կենտրոնում։ Ընդարձակ նախասրահում կազմակերպվել էր թեմատիկ գրականության, կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների և տոնական ուտեստների ցուցադրություն:

Միջոցառումը մեկնարկեց Ս. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ․Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանի օրհնությամբ, որից հետո կենտրոնի սաները հանդես եկան համերգային ծրագրով, բաց դասով, թատերախաղերով, զվարճախաղերով ու տոնական հյուրասիրությամբ:

Տոնական հաջորդ միջոցառումը տեղի ունեցավ փետրվարի 1-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում: Այն կազմակերպել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանը՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու Տիկնանց միության հետ համատեղ: Բարեկենդանի ուրախ տոնախմբությանն իրենց մասնակցությունն էին բերել Կենտրոն վարչական շրջանի «Մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոն»-ը, Բարսեղ Կանաչյանի և Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցները, նաև «Ծովակ» մանկական ավանդական երգուպարի մանկապատանեկան խումբը:

Թմբուկների զարկի ներքո արվեստի դպրոցների կերպարվեստի դասարանների սաներն իրենց պատրաստած տոնական դիմակներով մուտք գործեցին եկեղեցու բակ՝ ազդարարելով միջոցառման սկիզբը: Տ. Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով:

Փետրվարի 2-ին արդեն տոնական տրամադրությունը հասավ Ավան վարչական շրջան, որտեղ համայնքի դպրոցականները դիմավորեցին հյուրերին ավանդական ուտելիքներով, դիմակներով ու դհոլներով։ Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեց տոնական համերգային ծրագիրն ու հյուրասիրությունը։
Մինչև փետրվարի 11-ը Երևանում օրերը կլինեն բարեկենդանյան, տոնական ու բուն հայկական։

Հասմիկ Թամամյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս