«Թանկացումներն արդարացված չեն, և դրանցից ելք կա». Մանե Թանդիլյան

Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկել է «Ելք» դաշինքի հանրահավաք-երթը։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ գնաճը մեղմելու մի տարբերակ կա՝ քաղաքացու եկամուտն ավելացնել, ինչը, ըստ նրա՝ չի արվում. «Կյանքը թանկացել է, հարկային բեռը՝ ավելացել, սակայն, մյուս կողմից՝ քաղաքացիներին հասանելիք եկամուտը նվազել է։ Սա է պատճառը, որ մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ, և այս ակցիաների հանրային ճնշումն ուղղելու ենք խորհրդարանին։ Վաղը խորհրդարանում լինելու է ստորագրահավաք, որի արդյունքում պետք է հրավիրվի արտահերթ նիստ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու օրակարգով»։

Մարուքյանը վստահ է՝ համատեղ գործողությունների արդյունքում կհասնեն հաջողությունների. «Մենք պետք է ունենանք քաղաքացիական գիտակցում, իրենք իրենց համար պայքարող քաղաքացիներ, իրենք իրենց գործողություններին, ուժին վստահող։ Այդ մոբիլիզացիան իր արդյունքը կարող է տալ»։

 

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ փոփոխություն անողը ՀՀ քաղաքացիներն են. «Փոփոխություններ կարող ենք անել՝ բացառապես տեր կանգնելով մեր իրավունքին և մեր պահանջներին։ Մենք կարող ենք նվազեցնել այդ թանկացումները, բերել նախնական վիճակին, եթե վարենք խելամիտ քաղաքականություն։ 30 տոկոս աղքատ երկրում շքեղ ապրող օլիգարխների գույքը պետք է հարկել, որի արդյունքում՝ ֆինանսական բեռը յուրաքանչյուր քաղաքացու վրա կլինի հավասարաչափ բաշխված և արդարացի, և որևէ մեկը չի կարծի, որ միայն ինքն է այս երկրում հարկ վճարում, այլ հարկ են վճարում այն արտոնյալ հարկատուները, ում կարելի է հարկ չվճարել։ Միջազգային արժույթի հիմնադրամը հրապարակել է, որ Հայաստանում 30-50 տոկոս ստվերային տնտեսություն կա։ Այդ ովքե՞ր են այդ մարդիկ, որոնց չեն կարողանում հայտնաբերել։ Կան արտոնյալ հարկ չվճարողներ, և մարդիկ, ում ուսերին ծանրացած է հարկային բեռը։ Ամեն ինչ թանկացել է»։

Թանդիլյանն ընդգծեց, որ թանկացումներն արդարացված չեն, և դրանցից ելք կա. «Յուրաքանչյուրիդ՝ այստեղ ներկա գտնվելն է պարտադրելու այդ փոփոխությունները։ Հարևանը ձեր փոխարեն ցույցի գալ չի կարող, եթե մեզ հետ միասին այս թանկացումները կասեցնելու օրակարգով կանգնեք փողոցում, մենք կկարողանանք բերել փոփոխություն»։

Տեսանյութեր

Լրահոս