Բրյուսելում սկսվել է դատը Փարիզի ահաբեկչությունների մասնակից Աբդեսլամի նկատմամբ
Փարիզի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողությունների ողջ մնացած միակ մասնակից Սալահ Աբդեսլամին փետրվարի 5-ի առավոտյան տարել են Բրյուսելի Արդարադատության պալատ՝ 2016 թվականի մարտին, երբ ահաբեկիչը թաքնվում էր Բրյուսելում, ոստիկանության հետ փոխհրաձգության գործով իր առաջին դատավարության համար։
Զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ 28-ամյա Աբդեսլամին Փարիզի տարածաշրջանի Ֆլերի Մերոժի բանտից դատավարության են բերել ուժեղացված ոստիկանական ուղեկցող պահակախմբով, դատավարություն, որն, ինչպես սպասվում է, կտեւի մինչեւ փետրվարի 9-ը:
Աբդեսլամի հետ մեկտեղ Բրյուսելում փոխհրաձգության գործով անցնում է եւս մեկ կասկածյալ՝ Սուֆիեն Այարին:
Աբդեսլամը՝ մարոկոյական ծագմամբ Ֆրանսիայի քաղաքացին, ձերբակալվել է Բելգիայում եւ արտահանձնվել Ֆրանսիային, որտեղ նրա դեմ առաջադրված են մի քանի նախնական մեղադրանքներ՝ կապված ահաբեկչական գործունեության հետ:
Նա միակն Է այն հարձակվողներից, որը ողջ է մնացել 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված մի շարք ահաբեկչական գործողություններում: Այդ երեկո ահաբեկիչները հարձակումներ կատարեցին Փարիզի փողոցներում, «Բատակլան» համերգասրահում եւ «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտ: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվեց 130 մարդ: Գրոհների կազմակերպման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: