
Մոսկվայում ձնատեղումը հարյուրամյա ռեկորդ է սահմանել

Հանգստյան օրերին Մոսկվայում վերջին հարյուր տարվա ընթացքում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է փոխքաղաքագլուխ Պյոտր Բիրյուկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Ձյան ինտենսիվությունը, եղանակն ինքը, որը փոխվում էր՝ ձյուն, ձնախառն անձրեւ, ծառերի ճյուղերի սառցակալում, այդ ամենը հերթական փորձությունն է կոմունալ աշխատողների համար»,-ասել է նա: Ձյան սաստիկ տեղումները եւ սառցանձրեւը Մոսկվայի տարածաշրջանում մոլեգնել են փետրվարի 3-4-ին: Իշխանությունների տեղեկատվության համաձայն, տարերքի պատճառով զոհվել է մեկ մարդ, կան տուժածներ:
Մոսկվայում եւ Մերձմոսկվայում ձնահավաքման աշխատանքներում ներգրավվել են զինվորականները: ՌԴ մայրաքաղաքի իշխանությունները հորդորել են ձեռնպահ մնալ ավտոմեքենաներով ուղեւորություններից, իսկ դպրոցներ հաճախումը դարձրել են ազատ:
Ճշտված տվյալներով՝ Մոսկվայում երկու օրվա ընթացքում տեղացել է 45 միլիմետր ձյուն կամ ամսական նորմայի 125 տոկոսը: Այդ մասին փետրվարի 5-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնում: Ձյան ծածկույթի հաստությունը քաղաքում փետրվարի 5-ի ժամը 10-ի դրությամբ հասել է 55 սանտիմետրի:
Մոսկովյան օդանավակայաններում փետրվարի 5-ի առավոտյան անբարենպաստ եղանակի պատճառով վերսկսվել է չվերթների հետաձգումը, արդեն հարյուրից ավելի ինքնաթիռներ խախտել են չվացուցակը: