Իրանցի գիտնականի նկատմամբ վերջնական մահավճիռ է կայացվել
Իրանի գերագույն դատարանը հաստատել է մահավճիռը Շվեդիայի քաղաքացիություն ունեցող իրանցի գիտնական, Բրյուսելի ֆլամանդական Ազատ համալսարանի դասախոս Ահմադռըզա Ջալալիի նկատմամբ: Այդ մասին լույս փետրվարի 5-ի գիշերը հայտնել է VTM Nieuws կայքը:
Ջալալին ընտանիքի հետ բնակվում էր Շվեդիայում, բայց դասավանդում էր նաեւ Իտալիայում եւ Բելգիայում: Նրան ձերբակալել էին 2016 թվականի ապրիլին եւ մեղադրել Իսրայելի Մոսսադ հատուկ ծառայության օգտին լրտեսության մեջ:
Թեհրանի տվյալներով՝ Ջալալին մեղսակից է երկու իրանցիների սպանությանը, որոնք պատասխանատու պաշտոններ էին զբաղեցնում Իրանի միջուկային ծրագրի կառույցներում: Նրանց պայթեցրել էին ավտոմեքենաներում տեղադրված ռումբերով:
Ջալալին մահվան էր դատապարտվել 2017 հոկտեմբերի 21-ին այն դատաավրության արդյունքում, որն անօրինական էր ճանաչվել ՄԱԿ-ի կողմից: Վերջինս անցյալ տարվա դեկտեմբերին Իրանից պահանջել էր չեղյալ հայտարարել այդ դատավճիռը եւ ազատել իրանցի գիտնականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: