Գիտնականները ոչ մեծ քանակությամբ ոգելից խմիչքներն օգտակար են համարել ուղեղի համար
Ոչ մեծ քանակություններով գինու եւ այլ ոգելից խմիչքների գործածումը պաշտպանում է ուղեղը բորբոքումներից եւ դրա բջիջներին օգնում է ազատվելու թույներից:
Այդ մասին հայտարարում են կենսաբանները Scientific Reports հանդեսում հրապարակված հոդվածում: «Որպես կանոն, մեծ քանակություններով ալկոհոլի ընդունումը վնասում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքին, այլ ոչ թե օգնում է դրան: Մյուս կողմից, մեզ հաջողվել է ցույց տալ, որ ոչ մեծ բաժնաչափերով ոգելից խմիչքներն օգտակար են ուղեղի առողջության համար, քանի որ դրանք վերջինիս օգնում են իրեն մաքրելու «աղբից»,- ասել է Մայքեն Նեդերգաարդը Ռոչեսթերի համալսարանից (ԱՄՆ):
Գիտափորձերի նման արդյունքներն, ինչպես կարծում են Նեդերգաարդը եւ նրա գործընկերները, վկայում են այն բանի օգտին, որ չափավոր բաժնաչափերով ոգելից խմիչքներն իրոք կարող են մարդուն պաշտպանել Ալցհայմերի հիվանդության, ծերունական թուլամտության զարգացումից եւ ուղեղի հետ կապված այլ խնդիրներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: