Alphabet-ն ավելի քան 3 մլրդ դոլարի զուտ վնաս է կրել
Alphabet ամերիկյան հոլդինգը, որի մեջ մտնում է նաեւ Google ընկերությունը, անցյալ տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով զուտ վնաս է կրել ավելի քան 3 մլրդ դոլարի չափով: Այդ մասին ասված է ընկերության կորպորատիվ հաշվետվության մեջ:
Այս արդյունքները վատ են եղել վերլուծաբանների կանխատեսումներից: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ընկերությունը շահույթ էր արձանագրել 5,3 մլրդ դոլարի չափով: Ինչպես նշում է Reuters գործակալությունը, վերջին մեկ տարում Alphabet-ն ակտիվորեն ներդրումներ էր անում սմարթֆոնների, տնային սարքերի արտադրության մեջ եւ ինքնակառավարվող ավտոմեքենաների մշակման բնագավառում, բայց ոչ բոլոր այս ոլորտներն են շահութաբեր եղել: Մինչդեռ ինտերնետ-ծառայությունների ոլորտում Alphabet-ի հիմնական բիզնեսը, որի համար պատասխանատու է Google-ը, շարունակում է ցուցաբերել կայուն արդյունքներ:
Չորրորդ եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 32,3 մլրդ դոլար՝ անցած տարվա համեմատությամբ ավելանալով 24 տոկոսային կետով: Ինչպես ասված է Alphabet-ի մամուլի տեղեկագրում, հոլդինգի տնօրենների խորհրդի նոր նախագահ է նշանակվել Ջոն Հենեսին: Նա կփոխարինի Էրիկ Շմիդտին, որն անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարեց, թե թողնում է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:
Շմիդտը, որը Google-ում աշխատել է 17 տարի, ընկերությունում կշարունակի աշխատել որպես գիտական ու տեխնոլոգիական հարցերի տեխնիկական խորհրդատու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: