Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում այսուհետ կգործի ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքը
ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերանորոգված ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունք ունի։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈւԱԿ) տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանը, ներկայացնելով բաժանմունքը, նշեց, որ այն գտնվում է 7-րդ հարկում և զբաղեցնում է 3000 քառ./մ տարածք։
«Բաժանմունքը բաղկացած է երեք մասից՝ մի հատվածում բժիշկները կլինեն, մյուս մասում՝ նոր վերանորոգված բաժանմունքում, ստացիոնար հիվանդները, և երրորդ հատվածում՝ ցերեկային ստացիոնար բուժվողները։ Օրական մոտ 80-1000 հոգի քիմիաթերապիայի կուրսեր է ստանում։ Ամբողջ հանրապետությունում կատարվում է 5000-8000 քիմիոթերապևտիկ միջամտություն, որի 80 տոկոսը կատարվում է ՈւԱԿ-ում»,- ասաց Տանանյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճ, մահացության բարձրացումը կազմում է մոտ 40-45 տոկոս։ Այս ամենի հետ մեկտեղ, կենտրոնի տնօրենն ընդգծեց, որ արձանագրվել են նաև ձեռքբերումներ՝ մոտ 40 հազար մարդ Հայաստանում վերապրել է քաղցկեղը։
ՈւԱԿ-ում տարեկան ստացիոնար պայմաններում բուժվում է մոտ 12 հազար մարդ, իսկ ամբուլատոր բուժման և հետազոտման շրջանակում՝ 25.000-30.000 հիվանդ։